News

Անցում համընդհանուր ներառական կրթության

Educational 2016-02-19

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հաղորդման՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը:
Այն մշակվել է` հիմք ընդունելով հանրակրթության մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, համաձայն որի` հանրակրթության համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության` կիրառելով երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ:
 
Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
 
Այն ստեղծում է հավասար հնարավորություններ իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքներին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, նպաստում նրանց առավել սահուն ներառմանը կրթության և հասարակության մեջ:
 
Համաձայն համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի` հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:
 
Ստեղծվող կենտրոնների միջոցով կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:
 
Հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը, համաձայն հաստատված ժամանակացույցի՝ կսկսվի 2016 թվականին Սյունիքի մարզի և կավարտվի 2025 թվականին` Վայոց Ձորի մարզի հատուկ դպրոցների վերակազմավորմամբ:
 
Յուրաքանչյուր մարզում հատուկ դպրոցի վերակազմակերպմանը զուգահեռ կիրականացվի՝
 
- նոր ձևավորված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների վերապատրաստում,
- սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոց,
- հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի կիրառում ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի,
- մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.