News

Օրիգամիին նվիրված դաս թիվ 74 դպրոցում

Educational 2015-12-16

Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 74 հիմնական դպրոցի 3 «ա» դասարանի դասվար Ալվարդ Հարությունյանը կազմակերպել էր օրինակելի դաս «Տեխնոլոգիա» առարկայից: Դասը վերաբերում էր «Օրիգամի» թեմային և կրում էր գործնական բնույթ`«Շնիկի պատրաստում»:
Դասապրոցեսը հագեցած էր դիդակտիկ պարագաներով և ժամանակակից մեթոդներով ու հնարներով`մտագրոհ, համագործակցում, բացատրում, ցուցադրում, ԳՈՒՍ, հնգյակ և «Խառնաշփոթ տառեր»:
 
Արհեստավարժ դասվարն ապահովել էր դասի ուսուցողական, դաստիարակչական, ճանաչողական, գեղագիտական կողմերը: Ուշագրավ էր «Հմուտ ձեռքեր» գողտրիկ անկյունը, որը կրում էր «Մենք աշխատանքով ենք գեղեցիկ» խորագիրը:
 
Ցուցադրված էին աշակերտների՝ 1-ին կիսամյակում պատրաստած լավագույն աշխատանքները, որոնք բազմաբովանդակ էին («Խճանկար և խճապատկեր», «Ծեփակերտում», «Ապլիկացիա», «Աշխատանք բնական և արհեստական նյութերով», «Օրիգամի»):
 
Դասն ընթանում էր ավանդական կառուցվածքով`ԽԻԿ-ի փուլերով: Աշակերտներն անկաշկանդ ցուցաբերում էին շնիկի պատրաստման գործողությունների, գծագիրը ճիշտ կարդալու, տվյալ ձևանմուշի տեխնիկական նկարի հաջորդականության վերաբերյալ իրենց կարողություններն ու հմտությունները:
 
Նրանք աշխատում էին ուսուցչուհու հրահանգներից ու ցուցումներից անմիջապես հետո`համագործակցելով թե՛ ուսուցչուհու, թե՛ միմյանց հետ: Դասվարը վարպետորեն հետևում էր նաև աշխատանքի որակի, գեղագիտական ձևավորման և ճիշտ կատարման ընթացքին:
 
Պատրաստի աշխատանքները ցուցադրելու ընթացքում դասարան մտավ «Շնիկը», ողջունեց երեխաներին, խրախուսեց լավ աշխատանքների համար և խնդրեց, որ մի քանի նախադասությամբ երեխաները բնութագրեն իրեն:
 
Երեխաները տեղեկություն հաղորդեցին շան մասին, իսկ Գիտեմնիկի և Ինչեմնիկի արկղում լցրած հետաքրքիր հանելուկները, քառատողերը, հորինած բանակապերը նվիրեցին հյուրին:
 
Վերջինս գոհ և ուրախ հեռացավ դասարանից`շնորհակալություն հայտնելով աշակերտներին, դասվարին և հրավիրվածներին: Դասն ամփոփվեց ուսուցչուհու գեղեցիկ անդրադարձով, իսկ շնիկներից մեկն իր տեղը գտավ ցուցահանդեսում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.