News

«Օյունջյան» դպրոցի երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Educational 2013-04-30

Գարուն է, ապրիլ, բայց գարնան շունչն ու ծաղիկների բույրը չէ, որ մեկ մարդու պես դպրոցի բակում է համախմբել «Օյունջյան» դպրոցի մանկավարժական, ծնողական ու աշակերտական հանրույթներին: Ապրիլի 24-ն էր, և դպրոցին հարակից փողոցով համրաքայլ առաջանում էին երթի մասնակիցները, որոնք ելել էին դատապարտելու մեծ ոճիրը, կատարելու «Օյունջյան» դպրոցի բարերար Հովհաննես Օյունջյանի` երկար տարիների բաղձանքը` Ծիծեռնակաբերդում միասին հարգանքի տուրք մատուցել բյուրավոր անմեղ զոհերի հիշատակին:

Բժիշկ Օյունջյանը միջոցներ չի խնայել, և երթուղային մեքենաներով 150 մարդ է ուղևորվում Երևան: Տարրական դպրոցի աշակերտները, սովորության համաձայն, ուզում են չարություն անել, բայց ինչ-որ անհասկանալի ընդհանուր բան կա բոլոր մեծահասակների դեմքերին, ինչը և զսպում է նրանց: Ավտոբուսում հնչում է հոգի փոթորկող ասմունքը.

Օ~, գարնա~ն ամիս, ապրելու ապրիլ,

Դու որ բերում ես ծաղիկներ ու կյանք,-

Ինչու՞ դու դարձար մահվան տարելից,

Մահո՞վ մնացիր մեր պատմությունում…
 
Բոլորի հայացքն ուղղված է բժիշկ Օյունջյանին` այն տարագիր հային, որին գոյության դաժան ալիքները հեռավոր Ամերիկա են հասցրել, մինչդեռ սիրտն այստեղ` հայոց լեռներում է...
 
Խոնարհվում են գլուխներ, անմար կրակի շուրջ ծաղիկների բլուրներ են բարձրանում, իսկ հետ դարձող աշակերտների հայացքներից հասկանում ես, որ նրանք այս կարճ ժամանակահատվածում հասցրին մեծանալ…
 
Թերթվեց պատմության ևս մեկ էջ, բայց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը միավորեց բոլոր օյունջյանցիներին, որոնք բարերարի շնորհիվ աննախադեպ հնարավորություն ունեցան Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.