News

Դասախոսություն` նվիրված Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը

Educational 2013-04-30

Ֆրանսիացի ապագա ճարտարապետները «Էրեբունի» արգելոց-թանգարանում ունկնդրել են դասախոսություն` նվիրված Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը:

Ապրիլի 27-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի (Ֆրանսիա) ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Երևան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում: Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել  ճարտարապետական միջավայրի վերլուծություն:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով նաև դասավանդում է Քլերմոն Ֆեռանի ճարտարապետական դպրոցում, Էրեբունի թանգարանում վարել է բաց դաս` հանդես գալով հայկական ճարտարապետության մասին ներածական դասախոսությամբ: Նա ֆրանսիացի ապագա ճարտարապետ-քաղաքաշինարարներին ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետներ  Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Կ. Հալաբյանի ճարտարապետական ժառանգությանը:

Արև Սամուելյանը նաև տեղեկացրել է, որ ուսանողները գործնական աշխատանքներ կիրականացնեն Երևանում պահպանվող Կիրովի անվ. գործարանի բանավանի բնակելի թաղամասում, որը կառուցվել է 1932թ. և այդ օրինակի վրա կփորձեն մասնագիտական վերլուծություն կատարել:  Ա. Սամուելյանը խորհրդանշական է համարել այն, որ 1-ին անգամ Երևանում գտնվող ուսանողները ծանոթությունը մայրաքաղաքի հետ սկսել են հենց Էրեբունի հնավայրից:

Ուսանողներն այնուհետև դիտել են Էրեբունի թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին և այցելությունն ավարտել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.