News

Հոգեբանության շաբաթ Չարենցավանի ավագ դպրոցում

Educational 2015-12-01

Հոգեբանի մասնագիտական օրվան (նոյեմբերի 22) ընդառաջ Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում հոգեբան Ն.Մուրադյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-20-ը անցկացվել է հոգեբանության շաբաթ: Այն նպատակ ուներ աշակերտների և ուսուցիչների շրջանում տարածել և կիրառելի դարձնել հոգեբանական գիտելիքները: Յուրաքանչյուր օրվա համար ընտրվել էր համապատասխան անվանում, նշանաբան և նախաձեռնություն: Շաբաթն սկսվեց «Երախտագիտության օրով», որի նպատակն էր զարգացնել սեփական արժեքները գնահատելու կարողությունը: Դասամիջոցների ընթացքում աշակերտներին և ուսուցիչներին առաջարկվում էր պաստառի վրա գրել, թե ինչի համար են իրենք շնորհակալ: Երկրորդ օրը կրում էր «Երջանկության օր» խորագիրը, որի ընթացքում գունավոր տերևների վրա գրում էին, թե ինչ է իրենց պետք երջանիկ լինելու համար և փակցնում նկարված ծառին` այդպիսով ստանալով «Երջանկության ծառ»: Երրորդ օրը անցկացվել է քվեարկություն, որի նպատակն էր զարգացնել աշակերտների վերլուծական միտքը, մարդկանց ուժեղ և թույլ կողմերը գտնելու կարողությունը: Դասամիջոցների ընթացքում աշակերտներին առաջարկվել է գնահատել դասարանները` ըստ տասը չափանիշի (ամենաինտելեկտուալ դասարան, ամենակարգապահ դասարան, ամենամիասնական դասարան և այլն): Քվերակության արդյունքները վերլուծությունից հետո որոշվել են անվանակարգերում հաղթող դասարանները: Չորրորդ օրը հայտարարված էր «Ընկերության օր». աշակերտները նամակ էին գրում իրենց ընկերոջը և հանձնում հոգեբանին, որից հետո նամակները բաժանվում էին հասցեատերերին: Հոգեբանության շաբաթն ավարտվեց «Բարության օրով», որի ընթացքում աշակերտները գրում էին վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրենց կատարած բարի գործերը և փակցնում գրաֆիկի համապատասխան բաժնում: Ամբողջ շաբաթվա ընթացքում աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին իրականացվող նախաձեռնություններին, ուստի հոգեբանության շաբաթը կարելի է համարել ստացված:

Կոտայք, ք. Չարենցավանի Մ. Մաշտոցի անվ. ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.