News

«Մի փետուր իմ արծիվ կյանքից»

Educational 2015-11-25

Նոյեմբերի 17-ին Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի դահլիճը բազմամարդ էր: Միջոցառման թեման Շիրազի 100-ամյակն էր, իսկ առանցքը՝ եղեռնը: Միջոցառումը կրում էր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» խորագիրը, որը պետք է ներկայացներ եղեռնածին Շիրազի կյանքի կարևոր դրվագներից մի քանիսը: Բեմում VIII բ դասարանի աշակերտներն էին: Միջոցառումը կազմակերպել էր դասղեկ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Սողոմոնյանը: Բեմը կահավորված էր թեմային համահունչ: Պատին փակցված էր Արարատ բիբլիական լեռան մեծադիր նկարը, իսկ առաստաղից կախված պարանները, որոնց ծայրին ամրացված էին զանգեր, խորհրդանշում էին Շիրազի կաղապարված ձայնը: Եկեղեցու զանգերի ներքո սկսվեց միջոցառումը: Մոմավառություն, ծաղիկներ՝ խաչքարի առջև, վերածնունդը խորհրդանշող պար՝ հեզաճկուն աղջիկների կատարմամբ: «Սուրբերու աչքեր» երգը, որով շարունակվեց միջոցառումը, իր նուրբ ելևէջներով մեկ անգամ ևս թարմացրեց մեր հարյուրամյա սպին: Հնչեց աշակերտների բողոքի ձայնը և, իհարկե, պարտավորեցնող խոսքը, այն է՝ թուրքերին ստիպել հայերից ներում ու պատիվ խնդրել: Դա ավարտվեց «Կյանք միլիոն ու կես» երգով: Շատ հուզառատ էր «մանկատնից» փախած մի քանի երեխաների ջուր ծախելու դրվագը: Սահուն անցում կատարվեց Շիրազի մանկություն: Աշակերտները սիրով ասմունքեցին՝ ներկայացնելով Շիրազի մանկության դառը հուշերը: Հետո անդրադարձ եղավ Շիրազի ծնողներին: Հոգեպարար երաժշտության ներքո կարդացին հոր և մոր մասին բազմաթիվ բանաստեղծություններ: Դրվագ առ դրվագ ներկայացվեց Շիրազի կյանքը՝ համեմված գեղեցիկ բանաստեղծություններով: Շիրազի խոսքերով գրված երգերը ի լրումն եղան այդ ամենին: Խոսվեց «Բիբլիականի» մասին: Սիրո թեման լիովին բացահայտեց Շիրազի մաքրամաքուր, անապական ներաշխարհը, իսկ պոլսահայ երգչուհու՝ Սիպիլի «Նամակը» մեզ տարավ մի եթերային աշխարհ: Միջոցառումն ավարտվեց Շիրազի «Գինին» երգով: Հարյուրամյա բանաստեղծը գնաց, բայց նրա աստվածային լույսը մնաց մեր ուղեծրում:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.