News

Դպրոցական կրթությունը չպետք է վերածվի պատժի

Educational 2015-11-24

Ռուս անվանի հոգեբան, հոգեբանական հայտնի աշխատությունների հեղինակ Միխայիլ Լաբկովսկին, անդրադառնալով դպրոցական կրթությանը, աշակերտի հոգեբանությանը, դասապատրաստմանը, ներկայացրել է մի շարք անհրաժեշտ և օգտակար դիտարկումներն:
Այս նկատառում-խորհուրդները, սիրելի´ ծնողներ, կուղղորդեն նաև ձեզ՝ վերանայելու, գուցե նաև փոփոխելու մոտեցումները ձեր դպրոցահասակ երեխայի, նրա՝ որպես աշակերտի հոգեբանության ընկալման, ուսուցման և դասապատրաստման վերաբերյալ:
 
Այսպես, Միխայիլ Լաբկովսկին նկատում է, որ երեխայի հետ դասերը պատրաստել պետք չէ: Պետք չէ նաև նրա հետ հավաքել պայուսակը կամ հարցնել՝ ինչպե՞ս են գործերը դպրոցում: Փորձեք գտնել քննարկամ այլ թեմաներ կամ մոտեցման այլ ձևեր:
 
Երեխան պետք է ունենա ժամանակ, երբ նա ոչինչ չի անում: Այդ ժամանակն օրվա մեջ պետք է լինի 2-4 ժամ: Ժամանակակից ծնողները ծանրաբեռնում են իրենց երեխաներին՝ խմբակներ, պարապմունքներ, և հենց սա է պատճառը, որ երեխաները դրսևորում են ավելի նյարդային ու բռնկուն պահվածք:
 
Ծնողները չպետք է վախենան վատ գնահատականներից, քանի որ անընդհատ լավ սովորելու կոչեր անելով ու երեխային քննադատելով, կարող եք հասցնել նրան, որ երեխան ատի դպրոցը և կրթություն ստանալու գործընթացը: Եթե ձեր երեխան ինքնուրույն չի կարողանում պատրաստել դասերը, ապա դա անպայման իր պատճառներն ունի:
 
Այստեղ խնդիրն ալարկոտությունը չէ: Առհասարակ հոգեբանության մեջ չկա ալարկոտություն հասկացությունը: Ալարկոտությունը դրսևորումն է մոտիվացիայի և կամքի ուժի բացակայության: Կան դասերն ինքնուրույն չանելու մի շարք պատճառներ: Երեկոն կարելի է անցկացնել ոչ թե դասերը միասին կրկնելու, այլ հենց այդ պատճառները բացահայտելու համար:
 
Պետք է միշտ հիշել, որ կմոռացվելու են բոլոր գնահատականները և քննությունները, և կարևոր է լինելու միայն մեկ բան՝ այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են ձեր և ձեր երեխայի միջև, այն սերը, ընկերությունը, որ զգում եք դուք և ձեր երեխան:
 
Բնագրի թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյան
Բնագրի աղբյուրը՝ 168.am/2015/11/22/564909.html
Տեքստային փոփոխությունները՝ Dasaran-ի խմբագրակազմ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.