News

Կայացել է դպրոցականների մասնակցությամբ քրեական իրավունքի դատախաղ-մրցույթի եզրափակիչ փուլը

Educational 2015-11-23

2015թ. մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ Դատական դեպարտամենտի օգնությամբ մի քանի փուլով կազմակերպել և իրականացրել է Քրեական իրավունքի դատախաղ-մրցույթ միջոցառումների շարքը:
Մրցույթին մասնակցել են Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ քաղաքների ավագ դպրոցների, Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ավագ դպրոցների, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցների, ինչպես նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքի ավագ դպրոցի և վարժարանի դպրոցների թմերը:
 
Դատախաղի գաղափարը հետևյալն էր՝ նշված քաղաքների դպրոցների թիմերը միմյանց հետ պետք է մրցեն Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետների նախապես կազմած մտացածին քրեական գործի փաստերի շրջանակում՝ համապատասխանաբար հանդես գալով որպես մեղադրանքի կամ պաշտպանության կողմ: Ընդ որում՝ գործերը կազմվում էին՝ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի ընդունած մի շարք որոշումներ:
 
Մինչև մրցույթի յուրաքանչյուր փուլի մեկնարկը, փորձագետները դպրոցական թմերի հետ անկնացնում էին պարապմունքներ՝ նրանց ներկայացնելով ՀՀ դատական համակարգը, ՀՀ քրեաիրավական և քրեադատավարական օրենսդրության ընդհանուր բնութագիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումները, որոնց հիման վրա կազմվել էին մտացածին փաստական հանգամանքները, ինչպես նաև դատարանում հանդես գալու հմտությունները:
 
Մրցույթի մարզային փուլի արգելքը հաղթահարեցին Արտաշատի, Չարենցավանի, Իջևանի ավագ դպրոցի և Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի թմերը: Նշված թմերի կիսաեզրափակիչ փուլի հանդիպման արդյունքում եզրափակիչ դուրս եկան Արտաշատ քաղաքի և Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցների թմերը:
 
Յուրաքանչյուր փուլում դպրոցականների գիտելիքները և դատարանում հանդես գալու այլ հմտությունները գնահատում էր 3 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին մեկ գործող դատավոր, ՀՀ դատական դեպարտամենտի մեկ ներկայացուցիչ և ԻՀԱԿ մեկ ներկայացուցիչ:
 
Ծրագրի եզրափակիչ փուլում հաղթեց Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմը: Ծրագրի իրականացումը կարևորվել է ՀՀ դատական դեպարտամենտի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Հատկապես մեծ կարևորություն է տրվել այն հանգամանքին, որ նման մրցույթները նպաստում են քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը:
 
Նմանօրինակ մրցույթները լրացնում են նաև հանրակրթական ծրագրով նախատեսված գիտելիքները, քանի որ դրանց մասնակցելով, երեխաներն ստանում են իրավական ոլորտի գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ունենում պատկերացում կազմել իրավաբանի մասնագիտության վերաբերյալ, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.