News

Կկիրառվեն կարգապահական տույժեր

Educational 2015-11-10

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող 5 կազմակերպությունում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:
Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց,  Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան  ՊՈԱԿ-ներում կատարված  աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները: 
 
Նիստին ներկան են եղել նաև նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները: Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ (խիստ նկատողություն) Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին՝ ձեռնարկելու համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:  
 
Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում կկիրառվեն ավելի խիստ կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին:  Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.