News

Ծրագիր, որն ամրապնդում է դպրոց-մշակույթ կապը

Educational 2015-11-06

«Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագիրը, որի նպատակն է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գիտաճանաչողական այցի ապահովումը մայրաքաղաքի մշակութային օջախներ, հյուրընկալել էր սահմանապահ մարզերի աշակերտներին:
Երկու օր շարունակ սահմանապահ մարզերի՝ Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 150  երեխա ուսուցիչների և պետֆիլհարմոնիայի աշխատակիցների ուղեկցությամբ  հյուրընկալվեցին Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում  և  Կոմիտասի անվան թանգարանում, ծանոթացան մեր մշակութային հարստությանը, պատմությանը:
 
Երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեխաների համար կազմակերպվեց Հայպետֆիլհարմոնիայի հայ  Ֆորկլորային համույթի կատարմամբ համերգ: Երեխաներից շատերի համար սա ոչ միայն առաջին այցելությունն էր երևանյան մշակութային օջախներ, այլև առաջին ճանապարհորդությունը Երևան, ուստի նրանց հետաքրքրում էր ամեն ինչ՝ թե՛ այն հաստատությունները, որտեղ հյուրընկալվեցին, թե՛ մայրաքաղաքի մշակութային կոթողները, թե՛ փողոցներն ու շինությունները:
 
Աշակերտները հատկապես տպավորված էին Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարան կատարած այցով, քանի որ իրենց աչքերով տեսան բանաստեղծի անձնական իրերը՝ գրասեղանը, ակնոցը, թանաքամանը և բազմաթիվ այլ իրեր:
 
Երեխաներին ուղեկցող ուուցիչները հավաստեցին, որ թեև սահմանամերձ գյուղերից շատերն  ապրում են մշակութային կյանքով, ունեն գրադարան, մշակույթի տուն, երգի, պարի, ձեռագործության և այլ խմբակներ, սակայն նմանատիպ այցերն անչափ կարևոր են երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորման, ինչպես և ճանաչողական առումով:
 
«Դպրոցը տալիս է միայն տեսական գիտելիքներ, սակայն այս այցի շնորհիվ նրանք կկարողանան նաև առարկայական գիտելիքների ստանալ»-վստահեցրեց Ճամբարակ համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Վարդանյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրենց ջերմորեն ընդուելու համար:
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը համոզված է, որ ժամանակակից կրթական համակարգը և դրանից բխող ծրագրերն ու չափորոշիչների բովանդակային արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել:
 
Դրա համար անհրաժեշտ է տեսական գիտելիքների մատուցումը համատեղել գործնական ու առարկայական գիտելիքների հետ, կարևորել երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակության անհրաժեշտությունն ապագա քաղաքացու ձևավորման հարցում: Գ. Մանասյանը վստահեցրեց, որ նախագիծը շարունակական է լինելու:
 
Աղբյուրը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվական բաժին

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.