News

Ցանցային լրատվություն. ինչպե՞ս կողմնորոշվել

Featured 2015-11-05

Ցանցային լրատվության բազմազանության մեջ կողմնորոշվելը, այս կամ այն տեղեկատվական աղբյուրին վստահելն այսօր հեշտ խնդիր չէ: Սա կրկնակի բարդ է հատկապես ծնողների համար. բացի այն, որ նրանք են օգտատեր, նրանց երեխաները նույնպես օգտվում են համացանցից:

Երեխաները, ի տարբերություն մեծահասակների՝ առավել դյուրահավատ են, ուստի նրանց համար առավել դժվար է տարբերակել տեղեկատվության աղբյուրի հավաստի կամ ոչ հավաստի լինելը, պարզել լրատվության ճշգրտությունը:

Մյուս կողմից էլ՝ ծնողները միշտ չէ, որ կարողանում են վերահսկել ինչպես երեխայի ստացած տեղեկատվությունը, այնպես էլ աղբյուրները, որոնցից նա օգտվում է:
 
Ներկայացնենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները, որոնք կօգնեն կողմնորոշվել այս կամ այն լրատվական աղբյուրին վստահելու հարցում:
 
1. Ցանցային լրատվականը, որն իր «Մեր մասին» բաժնում ոչ մի հասկանալի տվյալ չունի (այն է՝ խմբագրի անունը, հասցեն, կապ հաստատելու տվյալներ), արդեն իսկ կասկածելի է:
 
2. Կայքեր, որոնց լրահոսում հաճախ տեղ են գտնում մանիպուլյատիվ վերնագրեր։ Եթե լրահոսում հանդիպում են նյութեր, որոնցում խոսվում է աշխարհի վերջի, պատերազմի սկզբի, երկրագնդի կործանման մասին առանց հասկանալի հղումների:
 
3. Կայքեր, որոնց լրատվական նյութը կազմված է զուտ օգտատերերի ֆեյսբուքյան գրառումներից առանց մեկնաբանության, վերլուծության կամ այլ կարծիքի ներկայացման:
 
4. Եթե կայքն անընդհատ հղում է կատարում վերացական «բրիտանական գիտնականներին», «թուրքական լրատվականներին», «բելգիական կազմակերպություններին»՝ առանց նշելու կոնկրետ աղբյուրները:
 
Այս ցանկը, իհարկե, կարելի է համալրել նոր թվարկումներով, սակայն տեղեկատվական աղբյուրներին վստահելու հարցում վերոնշվածները կարող են օգնել ձեզ՝ դառնալով առաջնային ուղղորդող չափորոշիչներ:
 
Բնագրի հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
 
Տեքստային փոփոխությունները՝ Dasaran-ի խմբագրակազմ
 
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ http://media.am/Media-credibility-and-reliability%20

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.