News

Ոչ ցեղասպանությանը

Educational 2015-11-04

ՀՀ ԿԳՆ <<Գյումրու թիվ 45 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը և այսօրվա բաց դասը նվիրված էր տարբեր ազգերի ցեղասպանություններին. Եղեռն, Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր: Դասն սկսեցին ցեղասպանություն բառի ստուգաբանությամբ՝ փաստելով, որ տերմինը 1944թ.-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկացել է նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Նշեցին, որ 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ընդունեց <<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին>> կոնվեցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն: ՈՒսուցչի միջնորդությամբ առանձնացրին XX - XXI դարերի ցեղասպանությունները. Հայոց ցեղասպանություն 1915-23թթ. Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունն է: Ասորիների ցեղասպանություն 1915-23թթ. Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած ասորիների կոտորածներն են Թուրքիայի տարածքում: Պոնտոսի հույների ցեղասպանություն 1916-23թթ. Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածներն են: Հոլոքոստ /լատիներեն նշանակում է ողջակիզում/. Երկրորդ աշխարհամարտի 1939-45թթ տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Ռուանդայի ցեղասպանություն 1994թ.-ին Ռուանդայում, իշխանությունների ցուցումով, ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր հուտուների կոտորածն է: Դարֆուր ցեղասպանություն 2003թ.-ից Դարֆուրում էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի նստակյաց բնակչությանը: Նշված բոլոր փաստերը ուսուցիչ Գ. Այվազյանը աշակերտներին դասապրոցեսին ներգրավելով էր բացատրում՝ կիրառելով ինտերակտիվ մեթոդ: Նպատակը մեկն էր՝ դատապարտել ցեղասպանությունը և միևնույն ժամանակ անցկացնել զուգահեռներ, նշել տարբերությունները հայ և այլազգի ցեղասպանությունների:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.