News

Էքսկուրսիա դեպի Լոռվա մարզ

Educational 2015-10-29

Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը՝ ի դեմս տնօրենի ՄԿԱ գծով տեղական Լ. Սանթրոսյանի, ծնողական խորհրդի հետ մեկտեղ կազմակերպեց էքսկուրսիա դեպի Լոռվա մարզ: Էքսկուրսիայի նպատակն էր ամրապնդել ծնող-դպրոց, ծնող- ուսուցիչ կապը:

Էքսկուրսիայի մասնակիցների առաջին կանգառը եղավ Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ նրանք իրենց աղոթքը հղեցին առ Աստված երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար և, ստանալով տեղի քահանայի օրհնությունը, շարունակեցին իրենց ճանապարհը: 

Էքսկուրսիայի մասնակիցների հաջորդ կանգառը եղավ Լոռվա հինավուրց բերդը: Այստեղ դպրոցի պատմության ուսուցչուհի Գ. Նիգոյանը ներկաներին ծանոթացրեց բերդաքաղաքի պատմությանը, ներկայացրեց, որ այն կառուցվել է 1005-1020թթ. Դավիթ Անհողինի կողմից: 1065թ. Կյուրիկե Ա թագավորն այն հռչակել է Տաշիր Ձորագետի թագավորության մայրաքաղաք:
 
Դարավոր պատմություն ունեցող Լոռվա բերդից ստացած մեծ տպավորություններով՝ ուսուցիչներն ու ծնողները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Դենդրոպարկ, որտեղ էլ ամբողջացան նրանց ստացած հույզերը: Այն կարծես մի հեքիաթային, ուրույն աշխարհ լիներ՝ հեռու առօրյա կյանքի փոշուց և աղտից:
 
Նրանք շրջեցին և շնչեցին այգու մաքուր, կախարդական օդը և ասես միաձուլվեցին այդ հրաշք բնությանը, ծանոթացան նորանոր ծառատեսակների, ինչպիսիք նախկինում չէին տեսել: Կազմակերպված էքսկուրսիան ճանաչողական էր ոչ միայն պատմության, բնության առումով, այլև միմյանց ճանաչելու, իրար հետ նորովի շփվելու տեսանկյունից:
 
Օրվա ավարտին այդ հիասքանչ բնության ջերմությունն իրենց սրտերում պահած՝ ուսուցիչներն ու ծնողները բռնեցին տունդարձի ճանապարհը՝ ափսոսանքով, որ այդ գեղեցիկ ու բովանդակալից  օրը մոտեցավ իր ավարտին, բայց ակնկալիքով, որ նորից պիտի հանդիպեն և մեր գեղատեսիլ հայրենիքի նորանոր գողտրիկ վայրեր այցելեն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.