News

Վարպետաց դասեր

Educational 2015-10-26

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը հյուրընկալել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին: Հանդիպմանը սրտի թրթիռով սպասող աշակերտական և մանկավարժական հանրույթի ակնկալիքները լիովին փոխհատուցվեցին: Ստեղծված ջերմ և բարեկամական մթնոլորտում գրականագետը ներկայացրեց ծանոթ և անծանոթ Չարենցին: Ունկնդիրների տեսիլապատկերում անցյալ հարյուրամյակի առաջին տասնամյակներն էին, դարասկզբի պատմական իրադարձությունները, և դահլիճը Չարենցի հետ քայլ առ քայլ անցնում էր նրա կյանքի ուղիով:Աստիճանաբար հառնում էր պոետի հերոսական կերպարը՝ վաղ մանկությունից մինչ ողբերգական վախճանը, դասագրքային կաղապարումից վարագուրազերծված ու մարդեղենացված Չարենցը՝ քայլքը սիրո, երբեմն մոլորության, բայց միշտ հայրենանվիրումի, մաքառումի ճամփաներին: Դարաշրջանի պատմական, հոգեբարոյական համայնապատկերում գրողի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականագետի խոսքը ոչ միայն վերլուծական էր, այլև յուրաքանչյուր բառը վարակող սեր էր կշռում առ նահատակ հանճարը: Լսումները միջարկվեցին չարենցյան ընթերցումներով, երգեցողությամբ: Լսարանի հնչեցրած հարցումներին գրաքննադատի տված պատասխանները պակաս ուսանելի չէին: Հանդիպումը յուրօրինակ դաս էր, հայրենասիրության դաս՝ մշակույթի, գրականության արժևորման, գրողին և նրա ստեղծագործությունը համակողմանի ճանաչելու և ճշգրիտ գնահատելու, հայ ոգին պահելու, հայրենի երկրին ծառայելու դաս:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.