News

Այցելություն ՀՀ ԿԲ-ՖՀՀ-ՀՀ Ազգային պատկերասրահ

Educational 2015-10-22

Հոկտեմբերի 20-ին, Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների թվով 43 աշակերտներով, դասղեկներ Ա.Սարգսյանի, Ս.Մկրտչյանի և Գ.Խաչատրյանի ուղեկցությամբ, Ֆինանսական համակարգի հաշտարարի նախաձեռնությամբ անչափ հետաքրքիր և բովանդակալից ուղևորություն ունեցանք դեպի մայրաքաղաք Երևան: Էքսկուրսիան անցկացվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից̀ «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում: Էքսկուրսիայի հիմնական ուղղություններն էին` ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի (ՖՀՀ) գրասենյակ և ՀՀ ազգային պատկերասրահ: Նախ այցելեցինք կենտրոնական բանկ̀ Այցելուների սրահ, ծանոթացանք Ռուսաստանի կայսրության թողարկումներին, հայկական դրամի էվոլյուցիային, թղթադրամի տպման պրոցեսին, իմացանք̀ ինչպես կեղծ թղթադրամը տարբերել իրականից, տեսանք Ք.ա. մինչև մեր օրերը գոյություն ունեցող դրամներն ու թղթադրամները, ստացանք հետաքրքիր հուշանվերներ: Այնուհետև եղանք ՖՀՀ-ի գրասենյակում, որտեղ գրասենյակի մասնագետները ներկայացրեցին ՖՀՀ գործունեությունը, շատ բովանդակալից ու ուսանելի սեմինար անցկացրեցին̀ մեզ ծանոթացնելով ՀՀ ֆինանսական շուկայում առկա հիմնական պրոդուկտներին, դրանցից օգտվելու հիմնական կանոններին և ռիսկերից խուսափելու ուղիներին: Սեմինարի ավարտին, ստացած գիտելիքներն ամրապնդելու համար, մեզ առաջարկվեցին խաղ-վարժություններ. բաժանվեցինք թիմերի, լուծեցինք խնդիրներ, պատասխանեցինք բլից-հարցերի: Հանդիպման ավարտին, ՖՀՀ-ի կողմից ստացանք նվերներ: Մի փոքր հոգնած, բայց անչափ ոգևորված ու տպավորված, քայլեցինք դեպի ՀՀ ազգային պատկերասրահ, որտեղ ակնարկների տեսքով ծանոթացանք նկարիչների կենսագործունեությանը, տեսանք նրանց բազմաոճ, բազմաբնույթ ու յուրատիպ ստեղծագործությունները, իմացանք նրանց նկարների ստեղծման մասին հետաքրքրական պատմություններ: Ուղևորության ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն Երևան Պանդոկում: Մեր գիտելիքների զինանոցը զինելով ստացած տեղեկություններով, հիշողությունների գանձանակը համալրելով ստացած տպավորություններով ̀ ավարտեցինք մեր անչափ հետաքրքիր, ուսանելի ու բովանդակալից էքսկուրսիան: Շնորհակալություն ուղևորության նախաձեռնողներին, մասնավորապես Ֆինանսական համակարգի հաշտարարին, և բոլոր նրանց, ովքեր անմիջական մասնակցությունն ունեցան այս էքսկուրսիան կազմակերպելու և հավուր պատշաճի անցկացնելու համար:

Արմավիր, ք. Մեծամորի թիվ 2 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.