News

Շրջանավարտների հանդիպում Լոռու մարզի Ուռուտի դպրոցում

Educational 2015-10-21

Շրջանավարտների հանդիպում Ուռուտում Ուրիշ էր այս առավոտը, սրտի թրթիռով,ակնածանքով, ոմանք զարմանքով սպասում էին… սպասում էին 1967-68 ուստարվա շրջանավարտներին: Ընդամենը 1-2 օր առաջ Ժ. Մինասյանը դպրոցի տնօրենին տեղեկացրեց, որ << իմ դասարանցիները >> հավաքվելու են, իսկ հանդիպումը պետք է կայանա դպրոցում: Դպրոց, որ շուրջ 125 տարվա պատմություն ունի, ունի հրաշալի տարեգրություն անցյալ,ներկա….Դպրոց, որտեղ կրթվել ու դաստիարակվել են սերունդներ, դարձել գիտնականներ, բժիշկներ, պատմաբաններ,պետական գործիչներ,ինժեներներ, մանկավարժներ, աշխատանքի հերոսներ, զինվորականներ: Ուր էլ եղել են, եղել են ազնիվ, պարզախնդիր, հայրենասեր, սիրել են իրենց հարազատ կրթօջախը, ծննդավայրը, ուռուտցիներին:Հուզմունք, արցունքներ, արցունքախառն ժպիտներ, որոնք ծիածանի նման փայլեցնում էին նախկին սաների՝ 1967-68 ուստարվա շրջանավարտների աչքերը:Շատերը շատ վաղուց չեն եղել ոչ միայն դպրոցում, այլև գյուղում: Հարազատ դպրոցի բակում այսօր շինհրապարակ է, իսկ հին դպրոցի շենքն ութսունութի երկրաշարժից հետո ավերակ տեսքով ցավ ու վտանգ է ներշնչում: Քայլում են բակով, ուր իրենց ժամանակներում կառուցված լողավազանն էր: Անցնում են այն ծառի կողքով, որն իրենք էին տնկել և որն էլ արդեն կես դար վեր է խոյանում որպես հենց այդ հին շենքի պահապան:Դպրոցը՝ հին, մամուռ ու եղինջ, երկու խլեզ վազում են այս ու այն կողմ, մի երկու կատվի ձագ էլ փլված պատուհանի գոգին… Ամենուր կարոտ, հուշեր բազում, որ ժապավենի պես վազում են, անցնում: Ու հենց այդ պահին երևում է դպրոցը նոր, որ օրգանական շարունակությունն է իրենց հարազատ դպրոցի: Ուր իրենց են սպասում Ուռուտի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Քայլում են միջանցքով, ապա սովորողները, ուսուցիչները, իսկ առաջին շարքում շրջանավարտները: Երիտասարդ ուսուցչուհին պրոյեկտում է նկարների շարքը ու լուսանկարները կարծես թե խոսում են, ժպտում ՝ առաջին ուսուցիչը՝ Մ. Բարոյանը: Ու հին նկարները պատմում են… Դպրոցի տնօրեն Ա. Համբարյանը, ուսմասվար՝ Տ. Էլոյանը, ուսուցիչները, դպրոցական հին շենքը արթնացնում են մանկական հիշողություններ: Ապա ողջունում են բարձր դասարանի աշակերտները. Ապա դպրոցի տնօրենը ներկայացնում է դպրոցի անցյալն ու ներկան, պատմում ձեռքբերումների մասին, ներկայացնում աշխատանքային առօրյան: Նախկին շրջանավարտ Գ. Մինասյանը՝ ներկայացնում է իր ընկերներին, պատմում իր ուսուցիչների մասին, նկարագրում իր անցած մարտական ուղին: Ապա երկար ու կարկաչահոս զանգը հնչում է և այս անգամ դասարան է ուղեկցում հրաժեշտից 47 տարի անց: Քայլում են զանգի հետ, այո…Կարկաչում է զանգը, միթե թախիծ կա նրա ելևէջներում, թե մի թաքուն խինդ, չէ որ կես դար առաջ նրանք թռվռուն պատանիներ ու աղջիկներ էին: Գուցե առաջին սիրո բոցը այստեղ է հուրհրացել ու այս դպրոցի բակում շատ անգամ բռնվոցի են խաղացել: Բռնել են մեկ-մեկու, մազից են քաշել, ծիծաղել են անկուշտ, ծիծաղից թուլացել, սակայն կյանքում չեն հասել իրար: Հիմա այսքան տարիներ անց, կարոտը փարատելու էին եկել: Գուցե լավ երազներ էին տեսել, երազում բարու, գեղեցիկի սերմնացան իրենց ուսուցիչներին: Նրանք երազում էլ բարի են, լավ օր են խոստանում: Դասասենյակում կողք-կողքի նստած սպասում են ուսուցչին:Դասասենյակը, հիշեցնում իրենց մաթեմատիկայի ուսուցչին, իրենց դասղեկ ընկեր Կոլյա Զաքարյանին:Ուսմասվար՝Անահիտ Զաքարյան

Լոռի, գ. Ուռուտի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.