News

Դաս-համերգ փոքրիկ հանդիսատեսի համար

Educational 2015-10-20

Մատաղ սերնդի դաստիարակման գործում կարևոր է ազգային մշակույթին նրան հաղորդակից դարձնելը: Այդ առումով անգնահատելի է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դերը, որը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակութային արժեքները կրողների և դպրոցականների միջև:
Այդպիսի մի գեղեցիկ հանդիպում էլ տեղի ունեցավ օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Հայաստանի ազգային  նվագարանների պետական նվագախումբը փոքրիկ հանդիսատեսի համար կազմակերպել էր յուրօրինակ դաս-համերգ:
 
Համերգ՝ դասի մեթոդաբանությամբ. 45 րոպե տևողությամբ դասաժամ, որի ընթացքում երաժշտական մասից բացի, ծանոթացում և տեղեկացնում ազգային նվագարանների, դրանց կառուցվածքի, դարերի ընթացքում կրած փոփոխությունների, տեխնիկական հնարավորությունների, ինչպես և այն նվիրյալների մասին, ովքեր տիրապետել են այդ գործիքներին:
 
Ողջունելով փոքրիկ ունկնդիրներին՝ նվագախմբի գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Նորայր Դավթյանը նախ իր շնորհակալությունը հայտնեց ՀՊՖ-ին՝ ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի նման հանդիպումների պարբերաբար կազմակերպման ու ազգային մշակույթով մատաղ սերնդի դաստիարակման գործը առաքելություն դարձնելու համար: Նա զրուցեց երեխաների հետ, բացատրեց նրանց ազգային նվագարանների դերն ու նշանակությունը, հորդորեց սիրել երաժշտությունն ու երգարվեստը:
 
Այնուհետ նվագախմբի անդամներն անհատապես ներկայացրեցին իրենց գործիքները՝ թառ, քամանչա, ուդ, քանոն, դհոլ, դուդուկ, շվի, բլուլ, մեծ բամբիռ և այլն: Փոքրիկները  նաև առաջարկ ստացան ուղղակիորեն ծանոթանալու գործիքներին և առաջին փորձերը կատարելու այդ գործիքների վրա: 
 
Երեխաները ունկնդրեցին ժողովրդական գործեր, Կոմիտասի, ինչպես նաև Ա. Խաչատրյանի, Խ. Ավետիսյանի, Գր. Հախինյանի, Հովհ. Բադալյանի, Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից:  Կատարումներով հանդես եկան Ա. Երկնափեշյանը, Մ. Շահբազյանը, Ն. Զաքարյանը, Հ. Հարությունյանը, հնչեցին նաև կատարումներ ամբողջ նվագախմբի կողմից:  Ելույթ ունեցան մեներգիչներ Ա. Համբարյանը, Հ. Հակոբյանը և Ս. Վարդանյանը:
 
Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ էին երեխաներն ունկնդրում ու ձայնակցում: Նոր սերունդը սիրում է արվեստն ու մշակույթը, ժողովրդական երգն ու երաժշտությունը, այդ մասին էին վկայում նրանց խանդավառ աչքերը:
 
Աղբյուրը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվական բաժին

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.