News

Տրվել է հոբելյանական միջոցառումների մեկնարկը

Educational 2015-10-14

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը:

Հոբելյանի առթիվ ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին:

 
Կարևորելով բուհի հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. «Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններց դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: 
 
Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման դնի իր առջև: Պետք է նկատել, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ:
 
Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ:  Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև հետազոտությունների ծավալը, և այս առումով ևս բժշկականն ունի հստակ արդյունքներ:  
 
Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները»,-ամփոփել է խսքը ՀՀ ԿԳ նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.