News

Կրթական փոխհամագործակցությունն օրակարգում

Educational 2015-10-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել “Volkswagen” հիմնադրամի գլխավոր քարտուղար Վիլհելմ Քրուլի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ոլորտները:

Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ պետբյուջի հատկացումների և ֆինանսավորման մեխանիզմների տեսանկյունից: Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գերակա ուղղությունները գիտության ոլորտում` ՏՏ, ինժեներական, տեխնոլոգիական կրթություն և այլն:

 
Արմեն Աշոտյանը կարևորել է նաև ոլորտի միջազգայնացման խնդիրը` ընդգծելով գիտության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրում Հայաստանի մասնակցությանը: Արմեն Աշոտյանը կարևորել է հատկապես հայագիտության ցանցի զարգացումը եվրոպական բուհերում, ինչպես նաև Պոլիտեխնիկի հենքի վրա տեխնոլոգիական կրթության նոր հնարավորությունների խնդիրը:
 
Ըստ Վիլհելմ Քրուլի՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ Հայաստանից Գերմանիա են հրավիրվում երիտասարդ ճանաչված գիտնականներ, ովքեր իրենց գիտական գործունեությունը շարունակում են գերմանական տարբեր գիտակրթական, հետազոտական կառույցներում և հետխորհրդային երկրների շարքում լավագույններից են համարվում: 
 
Վիլհելմ Քրուլը նաև ընդգծել է, որ հիմնադրամի խորհուրդը ցանկանում է իր աշխատանքն ավելի ընդլայնել կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ հիմնադրամը պատրաստ է քննարկել համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների իրականացման, հայկական և գերմանական գիտական կազմակերպությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծման հնարավորությունները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.