News

Միջոցառումներ՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտին

Educational 2015-10-06

Թաիրովի միջնակարգ դպրոցում անց են կացվել Մուսա լեռան հերոսամարտին նվիրված մի շարք միջոցառումներ՝ պատմական ակնարկ զրույց, պատմության ուսուցչուհի Ա. Կարապետյանի Մուսա լեռան հերոսամարտի թեմայով զեկույցի ընթերցում՝ շնորհանդեսի զուգորդմամբ, «Մուսալեռի 40 օր» ֆիլմի դիտում և քննարկում, ուսուցչական անձնակազմով օրվա խորհուրդ դարձած հարիսայի պատրաստում և տարելիցի նշում:
Պատմության ուսուցչուհի Ա. Կարապետյանի «Մուսա լեռան հերոսամարտ» թեմայով զեկույցում ներկայացվեց, թե ինչպես 100 տարի առաջ այս օրերին, 1915թ.-ի սեպտեմբերի 12-14-ին ավելի քան 4 հազար հայ մարդ զենքերով և փոխադրելի ինչքերով ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանավի վրա և հեռացան իրենց հայրենի դարավոր ոստանից՝ Մուսա լեռան գյուղերից:
 
1915թ. բազմաթիվ վայրերում հայերը դիմեցին ինքնապաշտպանության: Դեռ 1915թ. մարտին մարդասպաններին դիմադրություն ցույց տվեցին Մոկսը և Շատախը: Հայերի ինքնապաշտպանության նշանավոր կենտրոններից դարձավ Սուետիա գավառակի Մուսա լեռը:
 
Այս դեպքերն իրենց գեղարվեստական արտացոլումն են ստացել ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Եվ ահա վրա հասավ 1915թ.-ի չարագույժ ապրիլը, երբ արդեն Արևմտյան Հայաստանը գալարվում էր արյան ու կրակի բոցերի մեջ:
 
Մուսա լեռան ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Երևանից Էջմիածին տանող ճանապարհին է վեր խոյանում Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձան-կոթողը:
 
Այստեղ են ամեն տարի` սեպտեմբերի վերջին կիրակի օրը, աշխարհի տարբեր ծագերից հավաքվում մուսալեռցիների ժառանգները, ավանդական հարիսա են եփում և ուրախությամբ, երգ ու պարով, թըմբուկ-շեփորի հնչյուններով նշում են հերոսամարտի օրը, հարգում զոհված հերոսների հիշատակը, հաստատում իրենց ինքնությունը հայրենի հողի վրա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.