News

ՀՀ ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

Educational 2015-10-05

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը:

Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու դաստիարակում եք մեր երկրի ապագա քաղաքացուն` միաժամանակ ապահովելով մեր ժողովրդի հարատևումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով, ծնողական համբերատարությամբ և ջերմությամբ:

Յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ և ձեր հոգու լույսից մի շող՝ դուք լուռ հետևում և ուրախանում եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով: Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված ինչպես մեր տնտեսության ապագա հզորացումը, այնպես էլ մեր սահմանների անառիկությունն ու երիտասարդ երկրի երազանքների իրականացումը:
 
Ուսուցչի կերպարը բոլորիս սրտերը լցնում է պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Հիշողություններ, որոնք անջնջելի հետք են թողել յուրաքանչյուրիս կյանքում և ամենաարժեքավորն են մեզ համար: Այս օրը մտովի և հոգով ձեզ հետ են սահմանին կանգնած զինվորն ու գեներալը, բժիշկն ու գիտնականը, մարզիկն ու արվեստագետը, այգեգործն ու պետական գործիչը:
 
Մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ: Ձեզանից ստացած գիտելիքն ու վարպետությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը խիստ անհրաժեշտ են բոլորիս կյանքի տարբեր ժամանակահատվածներում:
 
Եվ պատահական չէ, որ ավանդաբար նշվող այս տոնը բոլորիս բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել այն երախտագիտությունն ու գնահատանքը, որը ժամանակի ընթացքում ավելի գիտակցված ու արժևորված է հնչում:
 
Բոլոր տարիների աշակերտների անունից ուզում եմ շնորհավորել հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, վաստակած հանգստի անցած մանկավարժներին, մաղթել նրանց տոնական բարձր տրամադրություն, երջանկություն ու բարօրություն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.