News

Կնքվել է կրթամշակութային նոր հուշագիր

Educational 2015-09-24

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կնքվել է կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրն ստորագրել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը:

Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը եղել է կոնկրետ ծրագրերի շուրջ: 
 
«Նախ այն մի շարք դպրոցներում գերմաներենի խորացված դասավանդման ծրագրի` սերտիֆիկացված համակարգի ներդրումն է, ինչը շատ մեծ հաջողությամբ իրականացվում է: Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը աշակերտների, մասնագետների և տնօրենների փոխանակման ծրագրերն են: 
 
Ուզում եմ նաև նշել, որ նախորդ տարի Շտեֆան Դորգերլոհի հետ բանակցում էինք Հայոց Ցեղասպանության թեման երկրամասի դպրոցների դասարգրքերում ներառելու մասին, և այսօր իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրան իր անձնական հետևողականության և ներդրման համար…»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհին և հայ-գերմանական մշակութային կապերի զարգացման և Գերմանիայում հայ մշակույթի հանրահռչակմանը խթանելու համար վերջինիս պարգևատրել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
 
«Կարող ենք հաստատել, որ բազմաթիվ ոլորտներում իրականացրել ենք շատ ծրագրեր: Երկու երկրների միջև առկա է միջդպրոցական համագործակցություն, հայ և գերմանացի աշակերտների փոխանակում է իրականացվում: Մշակութային ոլորտում էլ վերջին երկու տարիներին բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպվել»,-նշել է նա:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.