News

Հայաստանը՝ Հորիզոն 2020 գիտական ծրագրի անդամ

Educational 2015-09-09

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարարությունում հրավիրվել է միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով առաջարկը` գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները: Ընդհանուր առմամբ գալիք տարվա բյուջեի նախագծով առաջարկվում է ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: Քննարկման ընթացքում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ ֆինանսավորման ծավալների առնչությամբ:

2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության Հորիզոն 2020 գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանն այն ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի   դրամաշնորհային տարբեր ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում:

Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները և հայտը, ստանալով վերջնական տեսք կներկայցվի ԱԺ քննարկմանը:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.