News

Միջոցառում` նվիրված Գիտելիքի օրվան

Educational 2015-09-07

Կրկին սեպտեմբեր է, և Շենգավիթ համայնքի թիվ 74 հիմնական դպրոցը լայնորեն բացել է իր հյուրընկալ դռները ուսուցիչների, աշակերտների և ծնողների առջև: Վաղ առավոտից դպրոցում աշխույժ եռուզեռ է, խինդ, ծափ ու ծիծաղ, ուրախ երաժշտությունը ժպիտ է պարգևում բոլոր հավաքվածներին:

Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությունն սկսվում է ՀՀ օրհներգով: Օդում ծածանվում է հայոց եռագույնը: Այնուհետև հնչում է դպրոցի օրհներգը: Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարում է դպրոցի տնօրեն տիկին Բալբաբյանը: 

 
Նրա ջերմ, անմիջական խոսքը, բարեմաղթանքները նոր լիցք են հաղորդում հավաքվածներին: Ամեն ինչ հանդիսավոր է, օրվա խորհրդին վայել: Աշակերտները իրենց գոհունակությունն են հայտնում տնօրենին, ով այնքան անակնկալներ է պատրաստել նոր ուսումնական տարվա առթիվ: 
 
Իրենց շնորհակալական խոսքն են հղում տնօրենին IX դասարանցիները, ովքեր այսուհետ սովորելու են վերանորոգված դասարաններում: Ապա ելույթ են ունենում «Փոքրիկ արևները», որոնց պարը զուգակցվում է   օդում ճախրող աղավնիների թևաբախումներով և «ժպիտիկների» օդ  բարձրանալով:
 
Այնուհետև մեծ հանդիսավորությամբ բակ է մտնում Մ. Մաշտոցը: Նրա խոսքը հնչում է որպես պատգամ: Այդ ամենին հաջորդում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որն ընթերցում է դպրոցի նախկին շրջանավարտ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
 
Հյուրերի շարքում էին նաև Նուբարաշենի N զորամասի կապավոր, ավագ լեյտենանտ Հովհաննես Մելքոնյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի I կարգի մասնագետ Պերճանուշ Հարությունյանը:
 
Գիտելիքի օրվան նվիրված արարողությունը եզրափակվում է առաջին զանգի զիլ ղողանջներով, և իններորդցիները, ամուր բռնած ժպտադեմ փոքրիկների ձեռքը, առաջնորդում են նրանց իրենց լուսավոր ու ջերմ դասասենյակները։

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.