News

Կմեկնարկի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը

Featured 2015-09-04

Համաձայն ձևավորված ավանդույթի՝ Լոռու մարզում այս տարի ևս կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» խորագիրը կրող տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը:
Այս տարի փառատոնը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին և դիտարկվում որպես «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի շարունակություն:
 
Քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ուստի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 10-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք:
 
Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Վրաստանից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Բուլղարիայից, ինչպես նաև թատերախմբեր Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից: Փառատոնի ներկայացումները կդիտեն հազարավոր երեխաներ և մեծահասակներ:
 
Ամեն օր կգործի «Երեկոյան ակումբը», որտեղ կքննարկվեն ներկայացումները, մտքեր կփոխանակվեն, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից կանցկացվեն վարպետության դասեր:
 
Կկազմակերպվի սեմինար՝ «Տիկնիկները հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների և ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջացած սթրեսային ապրումների հաղթահարման գործում» և «Վերականգնողական գործունեությունը մանկատներում և հատուկ հաստատություններում» թեմատիկ քննարկումներով:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.