News

Միջոցառում՝ Երևանի թիվ 45 դպրոցում

Educational 2013-04-17

Ապրիլի 11-ին Երևանի թիվ 45 դպրոցի հանդիսությունների դահլիճում III-ա դասարանի սովորողները դասվար Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրին «Մեծն Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները ներկայացրին քառատողերի ու մտքերի գեղեցիկ ընտրանի:

Այդուհետ երաժշտության տակ եկան լոռեցու հանդերձանքով «ծերունիները», ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ, զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերին «Ապրե′ք, երեխե′ք, բայց մեզ պես չապրեք»:

Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի հեքիաթներին: Սկզբում մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին թագավորի հրովարդակը թագավորի կողմից համոզիչ սուտ հորինելու մասին. հաղթողի ընծան թագավորության կեսն էր:

Հետո բոլոր հեքիաթների հերոսները`Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը, Կիկոսը, անխելք մարդը, շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների ոճին և երեխաների պատկերացումներին համապատասխան: Հանդիսատեսը մի պահ մոռացել էր, որ դերասանները III դասարանի երեխաներ են:

Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի ձևավորումը, ուրախ երգն ու պարը  պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.