News

Կայացել է հերթական երկկողմ հանդիպումը

Educational 2015-05-14

Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում շարունակվում են երկկողմ հանդիպումները: Այսպես, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Չեխիայի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Յարոմիր Վեբերի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել գագաթաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Բոլոնիայի երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր կլինի գործընթացի ապագայի համար, այլև լրացուցիչ խթան կհաղորդի  հայ-չեխական կրթական համագործակցությանը, որում, ըստ նախարարի՝ առկա է մեծ ներուժ:

Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որն ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որոնց թվում եղել է նաև Պրահան 2004 թվականին: Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստան-Չեխիա միջպետական համաձայնագրի շրջանակում բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում իրականացվող համատեղ կրթաթոշակային ծրագրերը: 
 
Հաշվի առնելով Չեխիայի բուհերում սովորելու հայ երիտասարդների մեծ հետաքրքրությունը` նախարարն առաջարկել է ավելացնել կրթաթոշակների թիվը: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Վիշեգրադյան ֆոնդն ակտիվ աշխատում է Հայաստանում և արվում է հնարավորը ՀՀ բուհերն այնտեղ ներգրավելու համար: 
 
Նախարարը նաև հույս է հայտնել, որ այս տարի կհաստատվի ՀՀ և Չեխիայի Հանրապետության Կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության նոր ծրագիրը` 2015-2020 թվականների համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.