News

Խորհրդանշական միջոցառումներ Ագարակի միջնակարգ դպրոցում

Educational 2015-05-04

Արագածի փեշերին է հպարտ բազմած Ագարակ գողտրիկ գյուղը, որը հիմնադրվել է Մեծ եղեռնից մազապուրծ եղած Վան-Վասպուրական գավառից գաղթածների շնորհիվ: Նրանց սերունդները չեն մոռանում այն տառապալից ուղու մասին, որով քայլել են մեծերը:
Մատաղ սերունդը դեռ դպրոցական նստարանից թերթում է պատմության տխուր էջերը, փորձում բացել հավերժական լռության մեջ թաքնված մարդկային ցեղի աներևակայելի վայրագության վարագույրը: 
 
Ագարակի Տ.Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում դասավանդող փորձառու ու հմուտ մանկավարժների շնորհիվ աշակերտները քայլում են պատմության քառուղիներում.«Մեր ձեռքերում է Էրգիր տանող բանալին ու մենք պետք է ոչ թե աղերսենք, այլ այսուհետ հիշենք, դատապարտենք ու պահանջենք»:
 
Նույնիսկ օտար լեզվով էին ներկայացնում իրենց երկրի ու ժողովրդի պատմության սև էջերը: Անդրադարձը պատմության ցավալի իրողություններին ոգեկոչեց ուսուցիչներին և աշակերտներին կազմակերպելու երթ, որին սիրով միացան գյուղապետ Վ.Խաչատրյանը և համայնքի բնակիչները:
 
2015թ. ապրիլի 23-ի վաղ առավոտից ողջ համայնքը մի բռունցք դարձած իր բողոքի երթն էր կազմակերպել 1915թ. ապրիլի 24-ին նահատակված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Երթն սկսվեց գյուղի կենտրոնում վեր խոյացած եռախորհուրդ հուշահամալիրից, որը կառուցվել էր ծնունդով ագարակցի Հրաչյա Միսակի Պողոսյանի բարերարությամբ:         
 
Ոգեկոչման  բուն  արարողությունը անցկացվեց  Վան-Վասպուրական  հուշակոթողի  մոտ, որտեղ  Ագարակ համայնքի հոգևոր հովիվ  տեր Վիգեն քահանա Մանուկյանը կատարեց  հոգեհանգստի արարողություն նահատակների հիշատակին, որից  հետո  խոսեց  այն մասին, որ նահատակներին  ողջ  հոգևոր  աշխարհը  ընդամենը մի քանի  ժամից դասելու  է  սրբերի  շարքը:
 
Այնուհետև իր տպավորիչ  խոսքով  հանդես  եկավ  գյուղի  Տ. Թերլեմեզյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  տնօրեն Լորետա Մարգարյանը, ով  իր  խոսքում  կարևորեց  Հայոց  ցեղասպանության  100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը՝  որպես  պատմական փաստաթուղթ: 
 
Նա նշեց, որ երթի նպատակն ու խորհուրդը  այն  է, որ Ագարակ համայնքը  ևս  միանում  է  համահայկական կարգախոսին՝  «Հիշում  եմ  և  պահանջում»: Ելույթ  ունեցավ  նաև  դպրոցի պատմության  ուսուցիչ  Հ. Ավետիսյանը, ով  պատմական  փաստերով  մեկ  անգամ  ևս  ներկայացրեց  ոճրագործության  ողջ  սարսափը:
 
Այնուհետև  ողջ  աշակերտությունը, ուսուցիչներն  ու ծնողները, գյուղի  տարեցներն  ու  երիտասարդները  ծաղիկներ դրեցին  հուշակոթողին: Աշակերտների  միջոցով  կազմվեց  կենդանի  անմոռուկ: Հիշատակի ու  պահանջի  երթն ավարտվեց  մոմավառությամբ:
 
Իսկ  ապրիլի  24-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցի  ուսուցիչները  մարզկենտրոնում ՝ Աշտարակ  քաղաքում, ևս մասնակցեցին  ոգեկոչման  երթի, որը  կազմակերպվել  էր  Արագածոտնի  մարզպետի  կոչով: Արագածոտնի  մարզը, որը  ևս  բնակեցված  է  գաղթականներով, իր բողոքի  ձայնն  էր  տարածում  ի  լուր  աշխարհի՝ հիշում  ենք և պահանջում ...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.