News

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցն Ագարակ

Educational 2015-04-09

2015թ.-ի մարտի 24-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի աշակերտներն աղուհացով, իսկ գյուղացիները՝ դհոլ-զուռնայով, սպասում էին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշողությունների էստաֆետ» ակցիայի շրջանակում:

Պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Կիրգիզիայից, ՀՀ պաշպանության նախարարի ավագ խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Լորետա Մարգարյանը, ուսուցիչները, աշակերտներն  ու համագյուղացիները ծաղիկներ դրեցին եռաթև հուշարձանին, որը կառուցվել էր պետերբուրգաբնակ գործարար, բարերար, ծնունդով ագարակցի Հրաչյա Միսակի Պողոսյանի միջոցներով:

Հյուրերը «Կանաչ ալիք» ակցիայի շրջանակում եղևնիներ տնկեցին հուշարձանի մոտ և դպրոցի բակում: Ներկաները եղան դպրոցի փառքի սրահում, որտեղ տնօրենը՝ Լ.  Մարգարյանը, ցույց տվեց խնամքով պահպանված այն ալբոմները, որոնցում Հայրենական Մեծ պատերազմ մեկնած ագարակցիների լուսանկարներն ու պատմություններն էին:
 
Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Ի հիշատակ այս հանդիպման՝ հյուրերը դպրոցին նվիրեցին Ռոմանովների արքայատոհմի 400-ամյա պատմությանը նվիրված գիրքը, իսկ դպրոցականները հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած անմոռուկները:
 
Հանդիպմանը ներկա էր նաև գյուղի լավ բարեկամը՝ Հրաչյա Պողոսյանը: Դպրօցի տնօրեն Լ. Մարգարյանը կարևորեց մատաղ սերնդի դաստիարակության գործում նմանատիպ միջոցառումների դերը՝ նշելով՝ «Պատմության տխուր էջերը ապագայի ամենալավ ուղեցույցներն են, ու մենք չենք կարող չհիշել անցյալը, այլապես կդատապարտվենք այն նորից վերապրելու»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.