News

Առցանց համակարգերի առավելությունները

Featured 2013-04-13

Մեր օրերում շատ նորաձև է դարձել ամեն ինչ պատվիրել համացանցի միջոցով: Ինտերնետ-խանութներում կատարվում են տարրատեսակ գնումներ, պատվիրվում է սնունդ, հյուրանոցներում սենյակներ են ամրագրվում, գնում են ավիատոմսեր:

Ինչպես հյուրանոցների, այնպես էլ ավիատոմսերի ամրագրումներն արդեն այսօր նորություն չեն և օգտակարության առումով ունեն մի քանի գրավիչ գործոններ: Ոլորտի առաջատար մասնագետներն առանձնացրել են մի քանի առավելություններ համացանցով հյուրանոց կամ ավիատոմս ամրագրելու շուրջ: 

Առաջին հերթին` ավիատոմսերի առցանց ամրագրումն արդեն իսկ հարմար է այն առումով, որ ստիպված չենք լինում ժամանակ վատնել ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալություն գնալու վրա, որը կարող է գտնվել քաղաքի մյուս ծայրում: Բացի դրանից, թռիչքի մասին բոլոր մանրամարսները մուտք են արվում համակարգ, և կարիք չկա գնված տոմսի ապահովության մասին մտածելու. տոմսն ապահով պահվում է տվյալների բազայում: 
 
Հարմար է նաև այն, որ ավիատոմսն առցանց գնելու դեպքում հաճախորդի էլէկտրոնային հասցեին ուղարկվում է գնման կատարումը հաստատող փաստաթուղթ և տրվում է տեղեկություն թռիչքի մանրամասների մասին (թռիչքի և վայրէջքի ժամ, օդանավակայան, չվերթի համար և այլն): Բացի այդ, հնարավորություն է ընձեռվում տեսնել համակարգչի էկրանին ավիատոմսերի կամ հյուրանոցների ամրագրման մի քանի տարբերակներ և մանրամասներ:
 
Էլեկտրոնային ավիատոմսերի առավելությունը թղթային տարբերակի համեմատ ևս ակնհայտ է: Տպված տոմսը պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ աստիճաններ, հատուկ ձևաչափով թուղթը պետք է տպվի հատուկ տպիչի միջոցով: Այստեղից ծագում են որոշակի ծախսեր, որոնց հետ ավիաընկերությունը ստիպված է հաշտվել: Այդ պատճառով, ինտերնետի միջոցով տոմսերը վաճառելու հնարավորությունը ձեռնտու է նաև բոլոր ավիաընկերություններին:
 
Բացի այդ, դա ժամանակի խնայողությունն է ինչպես այս կամ այն գործակալություն գնալու, այնպես էլ տեղեկատվություն փնտրելու հարցում, քանի որ, օրինակ` հյուրանոցների ամրագրման դեպքում ողջ տեղեկատվությունն ակնառու է և տրամադրված` ի գիտություն հաճախորդի մեկ վայրում: Ավելի հեշտ և արագ է այցելել մատուցվող ծառայության էջ, ընտրել քաղաքը և միանգամից ստանալ այդտեղ գտնվող հյուրանոցների մասին ողջ ինֆորմացիան, լինի դա Փարիզը, Դուբայը, թե Բալին: 
Ցանկացած լիարժեք համակարգ հնարավորություն է տալիս իր հաճախորդին ինքնուրույն կառավարել կատարված ամրագրումը` ընտրել, համեմատել, ամրագրել և նույնիսկ չեղարկել: Սա, այդ նույն մասնագետների կարծիքով, ամենակարևոր գործոններից մեկն է. կարելի է ինքնուրույն համեմատել տարբեր կայքերում ներկայացված գները միևնույն հյուրանոցի համար և ընտրել առավելագույնս հարմար տարբերակը:
 
Իսկ հյուրանոց կարելի է փնտրել մի քանի չափանիշներով. կոնկրետ երկիր/քաղաք, առողջարանային կամ ծովափնյա, հարմարավետություն` ըստ աստղերի և մատուցվող ծառայությունների, տեղանք, գին և ամենակարևորը` կարելի է տեսնել այլ այցելուների արձագանքները` բարեկամներին կամ ընկերներին զանգահարելու փոխարեն: 
 
Հյուրանոցի փնտրումն ու ամրագրումն իրական ժամանակի ռեժիմում այսօր արդեն ոչ թե ֆանտաստիկ ժանրից է, այլ իրականություն, որից օգտվելն ավելի նախընտրելի է: Բացի այդ, հարցերի դեպքում գործում է նման համակարգերի շուրջօրյա սպասարկում` նույնիսկ ոչ աշխատանքային օրերի կամ աշխատանքային ժամից դուրս հարցերն ուղղելու համար: 
 
Արդյունքում, ինչպես նշում են ոլորտի մասնագետները, առավել է կարևորվում նման համակարգերի առաջխաղացումը, ծառայության մատուցումը գումարի ու ժամանակի տնտեսմամբ և առանց միջնորդի: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.