News

ԵՊՀ-ն ընդունել է Ջիմ Բումելային

Educational 2015-03-20

ԵՊՀ-ն հյուրընկալել է Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (“The International Federation of Journalists-IFJ”) նախագահ Ջիմ Բումելային: Հանդիպմանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները:
Ջիմ Բումելան խոսել է ժուռնալիստիկայի վրա ժամանակակից տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունների մասին՝ ընդգծելով այն միտքը, որ համացանցը և առցանց լրագրությունը լուրջ մարտահրավերներ են նետում ամսագրային ժուռնալիստիկային՝ ստիպելով վերջինիս նույնպես մուտք գործել համաշխարհային սարդոստայն:
 
Բանախոսի ելույթից հետո ուսանողները հարցեր են տվել հյուրին: Հարկ է նշել, որ առավել աչքի էին ընկնում ապագա լրագրողները, ովքեր Ջիմ Բումելային ուղղել են հեղինակային իրավունքի, առցանց լրագրության և «տեղեկատվություն- անվտանգություն» համատեքստում լրագրողական էթիկայի մասին մի շարք հարցեր:
 
Հանդիպման վերջում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը շնորհակալություն է հայտնել հյուրին հետաքրքիր զրույցի համար և գրքեր նվիրել նրան: Ջիմ Բումելան նշել է, որ այցելությունների ժամանակ միշտ ուրախությամբ և մեծ պատրաստակամությամբ է հանդիպում ուսանողների հետ, քանի որ հենց նրանք են վաղվա ժուռնալիստիկայի ստեղծողները:
 
«IFJ»-ի հիմնական նպատակն է պաշտպանել և ամրապնդել լրագրողների իրավունքներն ու ազատությունները: Կազմակերպության առաքելությունն է նաև աշխարհում համերաշխության, ժողովրդավարության հաստատումը, սոցիալական արդարության, աշխատանքային և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև պայքարն աղքատության և կոռուպցիայի դեմ:
 
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան, որն այսօր ունի երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հիմնադրվել է 1926թ.-ին Փարիզում: Հետագայում կազմակերպությունը վերագործարկվել է երկու անգամ՝ 1946թ.-ին և 1952թ.-ին: Այսօր այն շուրջ 100 երկրներում ունի ավելի քան 600.000 անդամ: «IFJ»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում (Բելգիա):
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.