News

Հայաստանը՝ միջազգային փառատոնի պատվավոր մասնակից

Featured 2015-03-19

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության կազմակերպչական աջակցությամբ ս.թ. հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի “MIDEM” երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարևորելով Հայաստանի մասնակցությունը “MIDEM” երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնին, ընդգծել է այն գաղափարական հենքը, որով ուղղորդվում է հայկական ծրագիրը: Հիշողություն, երախտագիտություն, վերածնունդ՝ 3 կարգախոս, որոնք բանաձևում են ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:

«Հայաստանի մասնակցությունը “MIDEM” փառատոնին վերածննդի գաղափարի տիրույթում է, որովհետև մենք ներկայացնում ենք մի մշակույթ, որը վերածնված Հայաստանում է ստեղծվել: Մեր հայացքը միշտ ուղղված է լինելու Կոմիտասին՝ որպես վերածնված ժողովրդի հավատի, ոգեղենության ու մշտարթուն պահանջի խորհրդանիշ։ 
 
Եվ օրինաչափ է, որ հենց կոմիտասյան արվեստն է լինելու հայաստանյան մասնակցության հիմնաքարն այս փառատոնին»,-նկատել է Հասմիկ Պողոսյանը: Նախարարի խոսքով մենք հրաշալի առիթ ենք ունենալու ոչ միայն ներկայացնելու մեր մշակույթը միջազգային հարթակներում, այլև օգտվելու նոր հնարավորություններից: 
 
“MIDEM”-ին ներկա են լինելու պրոդյուսերներ ու մենեջերներ տարբեր երկրներից, ինչը հայ երաժշտախմբերի ու արվեստագետների համար նոր հրավերների հեռանկարներ է ստեղծելու:
 
“MIDEM”-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966 թվականից Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերություններ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ (Սիկորսկի, Հարմոնիա Մունդի և այլն):
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.