News

Քննարկվել է ԿԳՆ գործունեության հաշվետվությունը

Educational 2015-03-18

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ: 2014թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման գործընթացը, հաղթող է ճանաչվել 38 ուսանող:
 
Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը: 
 
«Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների: 
 
Նախնական և միջին մաuնագիտական կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ուuումնական հաuտատությունների տնoրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգը, հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»: 
 
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Բոլոր դպրոցներն ապահովվել են ինտերնետային կապով և համակարգիչներով: «Մեկ երեխա - մեկ համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: 
 
Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019թթ., իսկ 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում: Շարունակական միջոցառումներ են իրականացվում կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Լիցենզավորման գործընթացի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա է ստացել 11, տարրական հանրակրթական ծրագրով` 65, հիմնական հանրակրթական ծրագրով` 51, միջնակարգ հանրակրթական ծրագրով` 40 ուսումնական հաստատություն: 
 
2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը: 
 
Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, պարբերաբար վարչապետին զեկուցել ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել ավագ դպրոցների վերանորոգման աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետում իրականացումը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.