News

Կարդալը պարտադիր է

Featured 2013-04-12

21-րդ դարում կարդալու հարմարանքները չափից շատ են` ամեն տեսակի, ճաշակի, համուհոտի, բարձրության-կարճության և նույնիսկ զարգացվածության աստիճանի: Կարդալ ոչ միայն նորաթուխ ամսագիրը, որտեղ տեքստային մեկնաբանությունները տեղի են տալիս լուսանկարների, գովազդների, այլ առհասարակ ժամանակ հատկացնել տարաբնույթ գրականությանը: Ընթերցանությունը ստրեսազերծում է, թուլացնում է նյարդերն ու հանգստացնում:

Ավելի մանրամասն` օրական նույնիսկ 6 րոպե տևողությամբ ընթերցանությունը կարող է ստրեսազերծել օրգանիզմը 2/3 հարաբերակցությամբ: Ընթերցանությունն առավել արագ է նպաստում նյարդերի թուլացմանը` ի տարբերություն երաժշտությանը, զբոսանքների կամ մտերմիկ միջավայրում տարվող զրույցների: Ընթերցանության ժամանակ թուլանում են մկաններն ու ընդհանուր մարմնի լարվածությունը, սրտի աշխատանքը կայունանում է, նյարդերը սկսում են ննջել:

Մոտավոր հարաբերակցությամբ պատկերը հետևյալն է.
 
- Օրական նույնիսկ 6 րոպե տևողությամբ ընթերցանությունը թուլացնում է նյարդային լարվածությունը 68%-ով,
- Հաճելի երաժշտությունը` 61%-ով,
- Սուրճ ըմպելը` 54%-ով,
- Այդ նույն 6 րոպեանոց զբոսանքը մաքուր օդին` 42%-ով:
 
Սակայն խոսքը ոչ թե առօրյա լրատվական նորությունների, մասնագիտական նյութերի կամ պարտադիր ընթերցանության մաս կազմող տեքստերի մասին է, այլ գեղարվեստական գրականության կամ մեր գործունեության հետ բոլորովին կապ չունեցող նյութերի մասին է, հաղորդում է TRAVELBLOG.am-ը: 
 
Իսկ ընթերցելուն նպաստում են նաև գրադարանները: Տպավորիչ և ժամանակակից շնչով կառուցված գեղեցիկ գրադարաններ, որոնք նույնիսկ մշակում են ընթերցանությունը խթանող ակցիաներ, թվայնացնում գրքերը, արդիականացնում գրադարանային հարմարությունները, զարգացնում գիրք փնտրելու համակարգը (այո՛, գրեթե բոլոր համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից գրադարաններում այսօր թարմացվում է գրքերի որոնողական համակարգը, ինչպես իրենք են դա անվանում): Այսօր այդ գրադարանները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն իրենց երկրի բնակչության, այլև մեծամասամբ արտասահմանցի ընթերցողների, հետազոտողների, քաղաքական գործիչների, թագավորական ընտանիքների, բնականաբար, ամբողջ աշխարհով մեկ գրականագետների կողմից:
 
Չկարդալն ուղղակի անհնար է նման գրադարաններում գտնվելիս, ժամանակն այնտեղ մոռացվում է, արտաքին աշխարհը` կորցնում իր կարևորությունը, իսկ գրքային մթնոլորտը դառնում պարզապես անասելի վարակիչ:
 
Աշխարհի ամենագեղեցիկ ժամանակակից գրադարանները
Թվում ենք նման տպավորիչ և գեղեցիկ գրադարաններից մի քանիսը:
 
«Վենեսլա» գրադարան և մշակութային տուն, Վենեսլա, Նորվեգիա
 
Գրադարանը ներառում է ընթերցասրահ, գրադարաններ, սրճարան, քննարկման սենյակներ, համայնքային և ուսման կենտրոններ:
 
«Կանագավա Ումիմիրայ» գրադարան, Կանագավա քաղաք, Ճապոնիա
 
Գրադարանի շենքի դիզայնում կատարվել են ավելի քան 6000 անցքեր` գրադարանում բնական լույս ապահովելու համար:
 
Դանիայի Թագավորական գրադարան (այն անվանում են նաև «Սև ադամանդ»), Կոպենհագեն, Դանիա 
 
Գրադարանում պահպանվում են անվտանգության խիստ կանոններ: Ժամանակին գրադարանից գողացվել է ավելի 3200 յուրօրինակ նմուշ, այդ թվում նաև` Մարտին Լյութերի ձեռագրերը: Ընդհանուր կողոպուտի արժեքը կազմել էր մոտ 50 մլն ԱՄՆ դոլար: Կողոպուտը կատարվել է գրադարանի աշխատողներից մեկի կողմից:
 
Շտուտգարտի Քաղաքային գրադարան, Շտուտգարտ, Գերմանիա
 
Այս գրադարանում խորհուրդ ենք տալիս անցկացնել առնվազն մի ամբողջ օր: Կառույցի սպիտակ գույնի ընտրությունը պատահական չէ. նման կերպ գրադարանի հեղինակները փորձել են առանձնացնել այն, ինչի համար գալիս են գրադարան, քանի որ գրադարանում գունային են միմիայն գրքերը:
 
Կենտրոնական գրադարան Սիեթլում, ԱՄՆ
 
Գրադարանի տարեկան այցելուների թիվը գերազանցում է 2 միլիոնը: Գրադարանի շենքի դիզայնը կատարվել է 9994 ապակե հատվածներից:
 
Ազգային գրադարանը Մինսկում, Բելառուս
 
Գրադարանն ունի նաև վիրտուալ ընթերցասրահ: Այս գրադարանի շենքի արտաքին տեսքի շուրջ մասնագետների կարծիքները տարբեր են, կան նաև շենքի դիզայներական լուծումները տգեղ և չափազանցված համարող կարծիքներ:
 
Ալեքսանդրիայի ազգային գրադարանը, Ալեքսանդրիա, Եգիպտոս
 
Աներևակայելի գրքերի հավաքածու և հազվադեպ եգիպտական պատմական նյութեր: Այցն այս գրադարան իսկապես անմոռանալի կլինի: Գրադարանում միաժամանակ կարող է գտնվել ավելի քան 3500 ընթերցող:
 
«Ռիջկսմուզեում» հետազոտական գրադարան, Ամստերդամ, Նիդեռլանդներ
 
Թանգարանի հետազոտական գրադարանում պահպանվել են յուրօրինակ պատմական նյութեր, համաշխարհային պատմության վերաբերյալ կարևոր ժողովածուներ: Գրադարանը միշտ չէ, որ բաց է այցելությունների համար:
 
«Թագավորական պորտուգալական գրադարանը» Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա 
 
Հաճախ տպավորություն է առաջանում, թե այս գրադարանում ուրվականներ էլ կլինեն:
 
Ժամանակակից գրադարաններից ամենագեղեցիկ և տպավորիչներից մեկը` «Խոսե Վասկոնսելոս գրադարանը» Մեխիկոյում, Մեքսիկա
 
Գրադարանը համարվում է մեքսիկացի ճարտարագետ Ալբերտո Կալաչի գլուխգործոցը: Գրադարանը հաճախ բնորոշվում է որպես «օդային» գրապահոց:
 
Ամստերդամի Հանրային գրադարանը, Նիդեռլանդներ
 
Գրադարանը շատ հայտնի է նաև իր մանկական ընթերցասրահներով, ինչպես նաև ժամանակակից սրահներով, որտեղ այցելուները օգտվում են թվայնացված գրքերից:
 
Եվ վերջապես Հանրային գրադարանը Ստոկհոլմում, Շվեդիա 
 
Գրադարանը մեծ պահանջարկ է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ միջազգային գրականագետների և ընթերցողների շրջանակներում, քանի որ գրադարանում կան աշխարհի գրեթե բոլոր լեզուներով գրված գրքեր` ավելի քան 14 հազ. իսպաներեն, 16 հազար արաբերեն գրքեր: Գրադարանի օրական այցելուների թիվը գերազանցում է 3000-ը:
 
Համաշխարհային մեծության այս բոլոր գրադարաններում պահպանվում են անվտանգության և գրքերից օգտվելու խիստ կանոններ:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.