News

Գնացին, խաղացին, հաղթեցին

Educational 2015-03-16

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի «Նոր սերունդ» թիմի համար ամեն ինչ սկսվեց 2014թ.-ի նոյեմբերին: «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում անցկացված Ուրախների և հնարամիտների ակումբի դպրոցական լիգային թիմը ոչ միայն մասնակցեց, այլ նաև իր փայլուն և աչքի ընկնող խաղով, նոր մոտեցումներով և հնարամտությամբ արժանացավ ժյուրիի բարձրագույն գնահատականին:

Թիմի մուտքը ոչ միայն խոստումնալից էր, այլև պսակվեց հաղթանակով: Ինչպես նշեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիանա Ներսիսյանը, դպրոցում լավագույն ավանդույթներ կան նաև այս ոլորտում: Դեռևս 1987թ.-ին կրկին մաթեմատիկայի ուսուցչուհի Հայկանուշ Գրիգորյանի ղեկավարությամբ աշակերտները մասնակցեցին «Դպրոցական գարուն» փառատոնին` գրավելով 1-ին մրցանակային տեղը: 

Տարբեր էին ժամանակները, աշակերտները, անգամ դարը, սակայն կրկնվեց պատմությունը, և նորից փայլուն հաղթանակ: Թիվ 1 դպրոցի ուրախներն ու հնարամիտները դպրոց բերեցին ոչ միայն լավագույն խաղի համար նախատեսված արձանիկ-մրցանակը, այլ նաև հնարավորություն ստացան 2015թ.-ի հունվարին Ծաղկաձորում մասնակցելու դպրոցական լիգայի առաջնության գավաթին:
 
 «Նոր սերունդ» թիմի ղեկավար Հայկանուշ Գրիգորյանը փորձել էր յուրաքանչյուր առաջադրանքին հաղորդել սցենարային ինքնատիպ լուծումներ: Սևանցի դպրոցականները, որոնք ներկայացնում էին 4-րդ, 7-րդ և 8-րդ դասարանները, իրենց ճարպկությամբ, արագ կողմնորոշվելու կարողությամբ, ստեղծագործական մոտեցումների շնորհիվ կարողացան հաղթահարել նաև այս փորձությունը և տուն բերել լիգայի առաջնության գավաթը:
 
Թիվ 1 հիմնական դպրոցում անհամբերությամբ էին սպասում «Նոր սերնդին» և նրանց դիմավորեցին հերոսների պես, դպրոցի տնօրենը թիմի ղեկավարին և մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ մրցանակակիրներն էլ իրենց գավաթով համալրեցին դպրոցի հաղթանակների վավերագիր մրցանակների շարքը: Դպրոցում ոգևորությունն ու խանդավառությունը շարունակվեց նաև օրերս:
 
Դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների հյուրերի համար ծաղկաձորյան խաղը կրկնվեց դպրոցի դահլիճում, որը համեմված էր ուսումնական գծով փոխտնօրեն Լիանա Ներսիսյանի` դպրոցի ՈՒՀԱ-ին նվիրված անցումներով, մի քանի ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ներկայացմամբ: «Նոր սերունդ»-ը փայլուն ձևով կատարեց իր առջև դրված առաջադրանքը՝ գնաց, խաղաց, հաղթեց:
 
Իսկ առջևում նոր մրցաշարեր են, որոնց թիմը մասնակցելու է` հավատարիմ իր կարգախոսին` «ԿՎՆ-ն ոչ միայն խաղ է, այլ նաև կյանք»: Լ. Ներսիսյանի փոխանցմամբ հունիս ամսին դպրոցի թիմը հյուրի կարգավիճակով կմասնակցի Լիգայի եզրափակիչ խաղին, իսկ Հանքավանում` ամառային գավաթին արդեն լիիրավ անդամի կարգավիճակով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.