News

Նրանք մեզ հետ են

Educational 2015-03-13

Մայրենիի օրվան նվիրված տասնօրյակի շրջանակում հետաքրքիր դասեր ու միջոցառումներ կազմակերպվեցին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման կողմից:

Համո Սահյանի կյանքին ու ստեղծագործութանն էր նվիրված  դաս-միջոցառումը, որը փետրվարի 23-ին անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Համեստ Ստեփանյանը: Աշակերտներն ասմունքեցին բանաստեղծի՝ բնությանը, հայրենիքին, հայ ժողովրդին նվիրված ստեղծագործություններից, բացահայտեցին դրանց փիլիսոփայական խորքը:

Խոսվեց սիրային թեմայով գրված բանաստեղծությունների մասին: Հնչեցին բանաստեղծի բառերով գրված երգեր՝ «Նաիրյան դալար բարդի», «Ես չիմացա, թե ինչու»: Ունկնդիրները լսեցին բանաստեղծի դաս-բանաստեղծություններից և երջանկության յոթ կանոնների նրա մեկնաբանությունները:
 
Աշակերտների ասմունքը և բանաստեղծի ընթերցմամբ հնչած ստեղծագործություններն ստեղծեցին սահյանական քնքուշ ու իմաստուն մթնոլորտ: Ամբողջացավ Մարդ-Բանաստեղծը, ով եկավ ու մնաց, որ հիշենք, վայելենք ու սովորենք:
 
Ապա անցկացվեց հիշատակի ցերեկույթ՝ նվիրված Սայաթ-Նովայի մահվան 220-ամյակին: Միջոցառման կազմակերպիչն էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուբա Շահբազյանը:
 
«Մեծ սիրերգակն ու հումանիստը» գրական-գեղարվեստական ցերեկույթն սկսվեց «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգով: Միջոցառման ծրագիրը կազմված էր Սայաթ-Նովայի տաղերի ու կյանքի յուրահատուկ ընթացքի մեկնաբանման և նրա մնայունության գաղափարի հաստատման սկզբունքով:
 
Շեշտվեց նրա պոեզիայում արտահայտված թեմաների արդիականությունը: Աշակերտները հանդես եկան ինքնուրույն խոսքով, արտահայտիչ ասմունքով: Ուշագրավ էր միջոցառման ձևավորումը: Ներկայացվեց մի դրվագ Սայաթ-Նովայի պալատական կյանքից:
 
Միջոցառումը նպաստեց աշակերտների խոսքի զարգացմանը, գեղագիտական դաստիարակությանը, ունեցավ ուսուցողական ու ճանաչողական նշանակություն: Միջոցառումները այսքանով չեն ավարտվում, դրանք կրում են շարունակական  բնույթ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.