News

ՀՀ կրթական ոլորտը Շվեյցարիայի ուշադրության կենտրոնում

Educational 2015-03-11

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, շեշտել է միջբուհական կապերի զարգացման հնարավորությունները Հայաստանի և Շվեյցարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև՝ առանձնացնելով հնագիտության, հումանիտար, սոցիալական և հայագիտական ոլորտների մասնագիտությունները: Նշվել է, որ հաջողված համագործակցության փորձ ԵՊՀ-ի և Ժնևի համալսարանի միջև արդեն ձևավորված է, որը կարող է երկկողմ կրթական կապերի հետագա զարգացման խթան հանդիսանալ: 

ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է աշխատանքներ տանել Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջպետական կրթական համաձայնագիր կնքելու և երկկողմ կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Դեսպան Լուկաս Գասսերը նշել է, որ շվեյցարական կողմն հետաքրքրություն ունի նաև Հայաստանի միջին մասնագիտական կրթության բնագավառի, մասնավորապես՝ բժշկական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների նկատմամբ: 
 
Շեշտելով, որ Հայաստանի կրթական հաստատությունների համար միջազգային համագործակցության ընդլայնումը գերակա քաղաքական ուղղվածություն է համարվում, նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է գյուղատնտեսական և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Հանդիպման ընթացքում Շվեյցարիայի դեսպանը վերահաստատել է, որ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին շվեյցարական կողմը կմասնակցի ներկայացվածության բարձր մակարդակով:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.