News

Ամփոփվել են մրցույթի արդյունքները

Educational 2015-03-04

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրն անձամբ հանձնել է ամփոփմանը ներկա գտնվող ՀՀ վարչապետը:
Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել մեր հասարակությունում. «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարևորվում: 
 
Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է: Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ»: 
 
Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ 
 
Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ 
 
Ընդհանուր առմամբ պետական բյուջեից 2011-2014թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3000 ուսանողի ուսման վարձ։
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.