News

Դաս-միջոցառում՝ Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-04-11

Զովաբերի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանը ներկայացավ «Ջուրն հրաշք է» թեմայով դաս-միջոցառմամբ: Սկզբում աշակերտները մեկ անգամ ևս հիշեցին, թե ինչ է անհրաժեշտ բույսերին աճի և զարգանալու համար: Այնուհետև այդ բաղադրիչներից առանձնացվեց ջուրը: Ներկայացվեց բեմադրություն այն մասին, թե ինչպես է ջուրը փրկում անապատում հայտնված մարդու կյանքը: Ապա ներկաները վայելեցին Նարեկի «Հայրենիքի ջուրը» երգի կատարումը: Երեխաները հիշեցին բարեմաղթանքներ, ասույթներ և ասացվածքներ ջրի մասին: Անդրադարձան այն հարցին, թե ինչ նշանակություն է ունեցել ջուրը հայ ժողովրդի համար, ինչ սովորույթներ կան, որոնք մինչև այսօր պահպանել է ջրասեր ու ջրաշինարար մեր ժողովուրդը: Մեկ անգամ ևս հիշեցին Նարեկացու խոսքը ջրի շրջապտույտի և Շիրակացու ուսումնասիրությունները «բնության արյունը» համարվող ջրի մասին:

Պաստառի միջոցով բացատրվեցին ջրի մաքրման փուլերը: Ներկաներն իմացան, որ մարդու մարմնի 7/10 մասը ջրային կազմություն ունի և որ 2% ջրի կորուստը կարող է մահվան պատճառ դառնալ: Բացատրվեց, որ մարդն օրական պետք է խմի 8 բաժակ ջուր: Ջրի դերն ընդգծելու նպատակով աշակրետները կերպարանափոխվեցին, դարձան  ծարաված ծաղիկներ և  ջուր խնդրեցին անձրևաբեր ամպիկից, որն էլ ջուր ցողեց նրանց վրա և կենդանություն պարգևեց:

Այնուհետև երեխաները տեղափոխվեցին լաբորատորիա, որտեղ տարատեսակ փորձերի միջոցով պրոֆեսոր Էկոյի հետ հետազոտեցին ձյունը, սառույցը և ջուրը: Պրոֆեսորը պատասխանեց երեխաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ջրին: Աշակերտները հասկացան, թե որտեղ կարելի է օգտագործել աղի ջուր, գնահատեցին քաղցրահամ ջուրը: 

Միջոցառման վերջում չորրորդցիներն  հույս հայտնեցին, որ ներկաները չեն մոռանա իրենց սովորած կանոնները և կխնայեն ջուրը: Այս դեպքում նրանք թող իմանան, որ բարի գործ են կատարել:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.