News

Դասախոսություններ հանրակրթական դպրոցներում

Educational 2015-02-23

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել նաև Երևանի պետական համալսարանը: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինը տարբեր ֆակուլտետների դեկանների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ նախաձեռնել է դասախոսությունների շարք հանրապետության ավելի քան 35 ավագ դպրոցներում:
Փետրվարի 18-ին Արարատ Ղարիբյանի անվան համար 142 ավագ դպրոցում հանդիպում է եղել ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի հետ: Պարոն Մուրադյանն ապագա դիմորդներին ներկայացրել է հայոց լեզվին առնչվող բազմաթիվ հարցեր, խոսել է դրանց կիրառման ու բարդությունների մասին: Բանախոսը դպրոցականներին հորդորել է անառիկ պահել մայր լեզուն, ինչպես նաև խորհուրդ տվել օտարալեզու բառեր հնարավորինս քիչ օգտագործել:
 
Փետրվարի 19-ին ԵՊՀ ներկայացուցիչները եղել են Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցում: Այս դպրոցում դասը վարել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արմեն Մուրաքյանը: ԵՊՀ դոցենտը խոսել է Հայոց ցեղասպանության հետևանքների, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունների մասին: Բացի բուն թեմային վերաբերող դասախոսությունից, պարոն Մուրաքյանն ավարտական դասարանների աշակերտներին ներկայացրել է նաև Մայր բուհում գործող ֆակուլտետները, դրանցում ներառված մասնագիտությունները: 
 
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն այցելել էր Նոր Նորք վարչական շրջանի համար 62 ավագ դպրոց, Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Անի Մուրադյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գ. Գյուլբեկյանի անվան համար 190 ավագ դպրոց, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Աշոտ Հայրապետյանը` Կարեն Դեմիրճյանի անվան համար 139 ավագ դպրոց:
 
Այսքանով, սակայն, չեն սահմանափակվում դպրոցներ կատարվող այցերը: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինը մարտ ամսին նույնպես մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում-դասախոսություններ կանցկացնի հանրապետության այն ավագ դպրոցներում, որոնց հետ կնքվել է համագործակցության պայմանագրեր:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.