News

«Մատենադարան»-ի ֆոնդի նոր համալրումը

Featured 2015-02-20

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի 99 թանգարանային առարկա հետ է վերցվել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել «Մատենադարան»-ին:

«Մատենադարան»-ի ֆոնդը համալրած նմուշներն են պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրեր, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններ և ձեռագիր բառարաններ, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից: 

Հավաքածուի մի մասը վատ վիճակում է և անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է իրականացնել միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են «Մատենադարան», որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:
 
Նույն որոշմամբ «Մատենադարան»-ի տնօրենին առաջարկվել է 2015 թվականից 2025 թվականը ներառյալ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ կնքել թանգարանային առարկաների վերականգնման պայմանագիր` սահմանելով, որ յուրաքանչյուր տարի իրականացվի համատեղ դիտանցում և Ե. Չարենցի անվան թանգարանում վերականգնման ենթակա առանձնապես արժեքավոր համարվող թանգարանային առարկաների քանակի ամրագրում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.