News

Աշխարհի ամենաարտասովոր հարսանիքները

Featured 2013-04-10

Հիմնականում «հարսանիք» բառն առաջացնում է գեղեցիկ ճերմակ հարսի զգեստի, փեսայի դասական բաճկոնի, հարսանեկան շքեղ մեքենաների, ճոխ արարողության, շքեղ զարդարված սրահի ասոցացիաներ: Առնվազն Հայաստանում դա այդպես է: Սակայն ոչ բոլոր ամուսնացողներին է բավարարում այսպիսի ընդունված ընթացակարգը: Այդ պատճառով օրեցօր ավելանում է կրեատիվ, յուրօրինակ, երբեմն էլ արտասովոր հարսանիքների քանակը:

Ամենարտասովոր հարսանիքների թվին է դասվում, օրինակ, հարսանիքն ակվարիումի մեջ պսակադրությունը: Նման տարբերակ են ընտրել իտալացիներ Դանիելա Կոնսոլարը և Մաուրիցիո Անդրեոզին` իրենց պսակադրությունը կազմակերպելով Կատոլիկա  քաղաքի ակվարիումներից մեկի մեջ: Նրանք սուզվել են ջրի մեջ և իրենց ամուսնությունը կնքել վկաների` 19 գիշատիչ ձկների ներկայությամբ: Ակվարիումից դուրս գտնվող քաղաքապետը գրանցել է նրանց ամուսնությունը, իսկ նորապսակները փոխանակվել են ամուսնական մատանիներով և համբուրվել:

Ջրային պայմանների հետ մեկտեղ` մեծ զարգացում է ապրում նաև օդային հարսանեկան արարողությունը: Հարսանիք օդում կամ «Հարսանիք բարձր մակարդակի վրա»` նման նշաբանով են առաջնորդվել ամերիկացիներ Սալին և Ջեյքը` կազմակերպելով իրենց հարսանեկան արարողությունն ամպերի մեջ: Երիտասարդները ամուր կապված են եղել ինքնաթիռի թևերին, իսկ քահանան գտնվել է ինքնաթիռի խցիկում և օրհնել զույգին:
 
Օդային պայմաններից անցում տիեզերական հարսանիքին. պսակադրություն, որի պայմաններում զույգերը գտնվում են միմյանցից ավելի քան 380 հազար կմ հեռավորության վրա: 2003 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ աշխարհում առաջին տիեզերական հարսանիքը: Տիեզերքի և երկրի միջև հեռուստակամուրջի ժամանակ տիեզերագնացն իր ընտրյալին հավերժ սիրո խոստում տվեց, ինչից հետո գրանցվեց իրենց ամուսնությունը: Տեխաս նահանգի օրենքով ամուսնությունը կարող է գրանցվել անգամ կողմերից մեկի բացակայության դեպքում:
 
Մեկ այլ դեպքում լոնդոնաբնակ 41-ամյա միլիոնատեր Շերոն Թանդլերն ընտրել է ոչ թե պսակադրման արտասովոր պայմաններ, այլև արտասովոր զուգընկեր: Բրիտանացին ամուսնացել է 35-ամյա Սենդիի` դելֆին Սենդիի հետ: Նրանք ծանոթացել էին ամուսնությունից 15 տարի առաջ, երբ Շերոնը մեկնել էր Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաք` դայվինգով զբաղվելու: 
 
Արտասովոր զուգընկերոջ ընտրության հարցում առանձնացվել են նաև Մալազիայի նորապսակները. նորապսակների տարիքային տարբերությունը եղել է 71 տարի: 33-ամյա փեսացուն կնության էր առնում թվով 20-րդ ամուսնությունը կնքող 104-ամյա մի տիկնոջ: Տեղական թերթերից մեկին հարցազրույց տալու ժամանակ փեսան հայտարարեց, որ գտնվելով այդ կնոջ կողքին` հասկանում է, թե ինչ է իրական երջանկությունը: Երիտասարդին կարելի էր կասկածել հաշվարկով ամուսնության մեջ, սակայն վերջինիս ընտրյալը շատ աղքատ էր: Ինչպես ասում են, սերը տարիք չի հարցնում:
 
Եվ արտասովորների թվում առանձնանում է նաև ճապոնացիներ Սյաո Վանի և Սյաո Լյուի ամենառոմանտիկ պսակադրությունը` զարդարված 999 հազար ալ կարմիր վարդերով: Թվի ընտրությունը պատահական չէ. այն հաջողակ է համարվում ճապոնական մշակույթում: Հարսանեկան արարողության ժամանակ 999 հազար վարդի կոկոններով զարդարված է եղել 30 ավտոմեքենաներից կազմված շարասյունը, ինչը հաղորդել է ռոմանտիկ և հեքիաթային շունչ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.