News

Բաց դասախոսություն համացանցի անվտանգ կիրառման վերաբերյալ

Educational 2015-02-19

Ժամանակակից կյանքն առանց համացանցի գրեթե անհնար է պատկերացնել: Թեև այն օգնում է մարդուն՝ ծառայելով որպես տեղեկատվության ստացման և փոխանցման միջոց, սակայն ոչ բավարար իրազեկվածության դեպքում համացանցը կարող է նաև վնասել նրան՝ սպառնալով անձնական տվյալների անվտանգությանը, պատճառ դառնալով թյուր տեղեկատվության ստացման և հաղորդման, ոչ լիարժեք հիմնավորմամբ ինֆորմացիայով ծանրաբեռնվելու, ի վերջո, համակարգչային կախվածության:

Վերոնշյալ խնդիրներին, ինչպես նաև առհասարակ համացանցին, վերջինի դրական կողմերին և բացասական հետևանքներին առնչվող դասախոսություն ներկայացնելու նպատակով էլ «Dasaran» կրթական ծրագրի փոխտնօրենն այցելեց Երևանի թիվ 117 դպրոց:

Դպրոցի 7-րդ դասարանցիների համար իրականացված բաց դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ համացանցից գրագետ օգտվելու կանոններին, մասնավորապես՝ շեշտվեց անձնական տվյալների գաղտնիության պահպանումը, գաղտնաբառեր, էլեկտրոնային փոստի հասցեներ չտրամադրելու կարևորությունը, առաջարկված բոլոր հղումները չսեղմելու և կասկածելի կայքեր չայցելելու անհրաժեշտությունը:
 
Դասախոսության ավարտին աշակերտները «Dasaran» կրթական ծրագրի փոխտնօրենին ուղղեցին համացանցի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը, բարձրաձայնեցին իրենց հիմնավոր դիտարկումները և հետաքրքիր մտքերը: Դասն ավարտվեց այն գաղափարախոսությամբ, որ համացանցից գրագետ և անվտանգ օգտվելը մերօրյա կարևորագույն պահանջ է, իսկ համացանցային տիրույթում լրացուցիչ զգուշավորությունը երբեք ավելորդ չէ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.