News

Կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում է

Educational 2015-02-17

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը, որը գլխավորել է Եվրոպայի Խորհրդի ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Դորգովա-Դրեյերը:
Պատվիրակության կազմում էին կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Իյան Սմիթը և Թոմ Համելթոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում նախարարության և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող մի շարք նախագծեր, մասնավորապես` «Եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման և բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի» նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
 
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները պայքարի արդյունավետ կիրառությունն ապահովելու և ԵՄ ինտեգրումն ավելի զարգացնելու համար: Ողջունելով ԵԽ պատվիրակությանը` նախարարը նշել է, որ ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿԳՆ 2014-16թթ.  գործողությունների ծրագրի արդյունավետ կիրառմանն ուղղված փորձագետների առաջարկությունները  և հնարավոր ռիսկերի գնահատումը:  
 
Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների` կոռուպցիոն ռիսկերը ՀՀ բուհերում բավականին նվազել են: ««Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն` կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում կրթությունը չի մտնում: 
 
Այո, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել, սակայն դեռևս չի հաջողվել հասնել դրա իսպառ վերացմանը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ավելի մեծ թվով շահառուներ ներգրավել`ուսանողներ, դասախոսներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր ավելի տեղեկացված կլինեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին:  
 
Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիոն ռիսկերի առկայությանը: Ըստ նախարարի` այս խնդրում շատ կարևոր է մտածելակերպի և բուհերի կառավարման մշակույթի փոփոխությունը: Արմեն  Աշոտյանը նշել է նաև, որ  վերջին տարիներին ՀՀ բուհերին տրվել է ավելի մեծ ինքնավարություն. բուհերը ՊՈԱԿ-ներից աստիճանաբար վերածվում են հիմնադրամների: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրական ոլորտում:
 
Կատյա Դորգովա-Դրեյերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը` ընդգծելով, որ հենց նախարարության նախաձեռնությամբ է իրականացվում վերոնշյալ ծրագիրը: Նա նաև բարձր է գնահատել նախարարության և Եվրոպայի Խորհրդի արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների և մասնավոր հատվածի ներգրավվածության խնդրին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.