News

Արտասովոր ռեստորաններ

Featured 2013-04-09

Երբեմն ռեստորան ընտրելիս որոշիչ գործոն է հանդիսանում ոչ միայն սնունդը, այլ նաև ռեստորանի միջավայրն ընդհանուր առմամբ: Օրինակ` կարելի է կազմակերպել հաջորդ ճաշկերույթը աշխարհի ամենայուրօրինակ ռեստորաններից մեկում:

Էքստրիմի երկրպագուները կարող են ճաշակել իրենց սիրելի ուտեստները Բրյուսելի Dinner in the Sky (թարգմ` Ճաշը երկնքում) ռեստորանում` գետնից 50 մետր բարձրության վրա: Սեղանի շուրջ կարող են նստել 22 հոգի՝ չհաշված խոհարարներին և մատուցողներին, որոնց օդ է բարձրացնում վերամբարձ կռունկը:

Մալդիվյան կղզիների Hilton հյուրանոցի ռեստորանում հաճախորդները մշտապես գտնվում են շնաձկների և այլ ծովային բնակիչների ընկերակցությամբ: Աշխարհի առաջին ապակեպատ ռեստորանը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ 5 մետր խորության վրա:
 
Բնության սիրահարները, հավանաբար, կգնահատեն Նոր Զելանդիայում տեղակայված ռեստորանը հենց ծառի վրա՝ մոտ 10 մետր բարձրությամբ: Այն հիշեցնում է ծառի բնի շուրջ փաթաթված բոժոժ և իսկապես ամենագեղեցիկ ձևավորված ռեստորաններից մեկն է:
 
Իսկ ահա Կանադայի O.NOIR ռեստորանների ցանցը յուրահատուկ փորձություն է առաջարկում հաճախորդներին, որոնք ճաշակում են ուտեստները կատարյալ մթության մեջ: Հետաքրքրական է նաև այն, որ ռեստորանի մատուցողները կույր են և շատ արագ կողմնորոշվում են մթության մեջ:
 
Ճապոնիայի Kayabukiya պանդոկում կարելի է տեսնել կապիկ մատուցողների: Նրանք բավական լավ են վարժված և կարող են ապահովել համապատասխան սպասարկում: Որպես թեյավճար նրանց կարելի է թողնել սոյայի լոբիներ կամ ծխախոտ:
Հաճախորդներին գրավելու յուրահատուկ մեթոդ է կիրառվում նաև Ճապոնիայի մեկ այլ՝ Nyotaimori ռեստորանում, որտեղ ավանդական սուշին մատուցվում է մերկ կնոջ մարմնի վրա:
 
Եվս մեկ անսովոր ռեստորան կարելի է այցելել Իտալիայի Պիզա քաղաքում: Ռեստորանը գտնվում է բանտի ներսում, որտեղ խոհարարները և մատուցողները բանտարկյալներ են: Զինված բանտապահների հսկողությամբ հաճախորդները կարող են վայելել բանտարկյալների ձեռքով պատրաստած ճաշատեսակները:
 
Modern Toilet ռեստորանների ցանցը շատ հայտնի է ողջ Թայվանում:  Անվանումից թերևս կարելի է գուշակել, որ ռեստորանում գրեթե ամեն ինչ՝ սպասքը, սեղանները, աթոռները, լոգարանի պարագաների տեսքով է: Հյուրերը նստում են, կներեք, իհարկե, զուգարանների տեսք ունեցող աթոռների վրա և ուտում են լվացարանակոնքերի և լոգարանների ձև ունեցող ամաններից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.