News

Հայտնի են «Լավագույն ուսանող»-ները

Educational 2015-02-09

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնած հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքներն ամփոփվել են: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի բոլոր բուհերը ներկայացնող 38 ուսանող, այդ թվում` 1-ին տեղ` 14, 2-րդ տեղ` 12 և 3-րդ տեղ՝ 12:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը 2012 թ.-ին ընդգրկվել է կառավարության գերակա միջոցառումների շարքում որպես միջոց, որով պետությունը խրախուսելու և հայտնաբերելու է լավագույն ուսանողներին և աջակցելու է նրանց հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: 
 
Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներն ստանում են ֆինանսական աջակցություն պետության կողմից: Առաջին տեղի համար սահմանված է 440 հազար դրամ, 2-րդ տեղի համար` 270 հազար դրամ, 3-րդ տեղի համար 220 հազար դրամ պարգևատրում: 
 
Դրամական պարգևը, հուսով եմ, կօգնի լուծել ուսման վարձի կամ կրթության հետ կապված այլ խնդիրներ: Այս տարի մրցույթն անցկացվել է 7 անվանակարգում, որին գումարվել են նաև Վեհափառ հայրապետի սահմանած հատուկ մրցանակները, այն է՝ տարբեր բուհերում սովորող երեք ուսանողների  ուսման վարձի ամբողջական փոխհատուցում»,-նշել է նախարարը: 
 
Այնուհետև հավելել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Հայրապետական կրթաթոշակ» սահմանելու պայմանավորվածությունը ՀՀ ԿԳ նախարարի ու Ամենայն հայոց հայրապետի միջև ձեռք է բերվել նախորդ տարի՝ Գարեգին Բ կաթողիկոսի՝ ՀՀ ԿԳՆ կատարած այցի ժամանակ:
 
Նախարարի խոսքով հաղթող ճանաչված ուսանողների մեջ կան մարզային բուհերի ուսանողներ, ինչը  ուրախալի փաստ է. «Սա վկայությունն է այն բանի, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստանալ լավ կրթություն նույնիսկ Երևանից դուրս: 
 
Մյուս կողմից էլ մարզերի ուսանողները մի քիչ ավելի աշխատասեր են լինում, և եթե միջինացված նայենք, նրանք ավելի ուշիմ են և զերծ են մնում մայրաքաղաքային կյանքի որոշ գայթակղություններից, որոնք կարող են երևանյան բուհերի ուսանողներին շեղել կրթությունից: 
 
Այս տարի գրեթե հավասար էր նաև աղջիկ-տղա հարաբերակցությունը մրցանակակիրների թվում, որը ևս կարևոր է»,- շեշտել է Ա. Աշոտյանը: 
 
Նկատենք՝ մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` 1-ին կուրսի առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: 
 
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով յուրաքանչյուր բուհից յուրաքանչյուր ոլորտում  ներկայացվել է մեկական թեկնածու՝ 1 բակալավր, 1 մագիստրոս:
 
Մրցութային հանձնաժողովի գնահատման հիմնական չափանիշներն են եղել առաջադիմությունը, գիտական աշխատանքները, հասարակական ակտիվությունը, մասնագիտական ձեռբերումները, կիրառվել է գնահատման  3-ից 10 միավորանոց սանդղակ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.