News

Շնորհավո´ր ծնունդդ, Հայո´ց բանակ

Educational 2015-02-05

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 28-ին տիրում էր տոնական տրամադրություն. նշվում էր Հայոց հաղթանակած բանակի ծննդյան 23-րդ ամյակը: Օրն սկսվեց հանդիսավոր տողանով: Օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայոց եռագույնը, որին հաջորդեց աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը`«Շնորհավոր ծնունդդ, Հայոց բանակ» խորագրով:

Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, զոհեր որոնք ընկել են մարտի դաշտում հանուն հայրենյաց: Աշակերտներն ուխտեցին սուրբ պահել նրանց հիշատակը, շարունակել նրանց սկսածն ու միշտ վառ պահել ազգի պատիվը, կռվել ու հաղթել:

Հնչեցին  անուններ,  որոնք  անմահության գնացող ազգի ազատության պոռթկումն ու զարկն էին... «Մենք մեր մեջ կրում ենք մեր հոգևոր հայրենիքը, որը սուրբ ու նվիրական է, այն մեր պապերի սրբազան պատգամն է ու նվիրական երազանքը»,-ասաց 12-րդ «ա» դասարանի աշակերտ Կարապետ Պողոսյանը:
 
Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին նվիրված ասմունքն ու երգերը, հպարտ ու առնական պարերը: Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում է առաջ`կերտելով նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ: Բանակ, որն անպարտ է, հզոր, մարտունակ, ոգով ամուր ու ուժեղ, բանակ, որը միշտ ծնկի է բերում հրոսակներին ու դուրս շպրտում հայրենիքի սահմաններից:
 
Միջոցառման ավարտին ներկաներին շնորհավորեցին Սևանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի տեսուչ, ենթասպա Ն.Դուրգարյանը, դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը` մաղթելով ամուր կամք, առողջություն, ուսման մեջ հաջողություն, տոկունություն, երկրին խաղաղություն, մեր զինվորներին բարի ծառայություն և բարի վերադարձ:
 
Տոնական տրամադրությունը շարունակվեց դասարաններում, անցկացվեցին դասղեկի ժամեր, արիության դասեր, որոնք վարում էին տնօրեն Ա.Մուրադյանը, տնօրենի տեղակալներ Ս.Դարբինյանը, Ն.Դավթյանը, զինղեկ, փոխգնդապետ Գ.Մանուկյանը: Հնչեցին հայրենասիրական երգեր: Երգում էին բոլորը... Օրը տոնական էր, բոլորի տրամադրությունը` բարձր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.