News

«Ազգային երգ և պար»-ը՝ ծրագրային առարկա

Educational 2015-02-04

Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում կայացել է «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են փորձնական ծրագրի շրջանակում իրենց ստացած գիտելիքները, պարային և երաժշտական հմտությունները: Բաց դասին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դասից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել փորձնական ծրագրում ընդգրված դպրոցի տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես՝ մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ֆինանսական միջոցների տրամադրման և այլ հարցեր:

 
Արմեն Աշոտյանը նշել է, որ փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները: «Թեև ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: 
 
Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչեղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին, սակայն կան քննադատողներ, ովքեր կարծում են, որ ժամանակակից դպրոցում «Ազգային երգ և պար» առարկային տրված դասաժամերը պետք է ուղղվեն մաթեմատիկա, քիմիա կամ ֆիզիկա առարկաների լրացուցիչ պարապմունքներին:
 
Իհարկե, յուրաքանչյուր առարկա ունի իր տեղն ու նշանակությունը. բնագիտությունը և ճշգրիտ առարկաները շատ կարևոր են, բայց ժամանակակից դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է` հակառակ պարագայում մենք չենք կարող խոսել ազգային դպրոցի մասին…»,-նշել է նախարարը: 
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը 2014-2015 ուսումնական տարվա համար: 
 
Համաձայն ծրագրի` «Ազգային երգ ու պար» առարկան 5-րդ դասարանում պետք է հիմք դնի մշակույթի միջոցով և մեր հազարամյա երաժշտական ավանդույթների փոխանցման շնորհիվ նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և գեղագիտական ճաշակի բարձրացման, մտավոր, հոգևոր զարգացմանն ու ազգային հոգեկերտվածքի հզորացմանը:
 
Ծրագրերը փորձարկում են անցնում ՀՀ հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Երևանի թիվ 11, թիվ 20, թիվ 52, թիվ 92, թիվ 131, թիվ 150, թիվ 162, թիվ 200, Աբովյանի թիվ 2  և  Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցներում:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.