News

Արեգակնակային համակարգին նվիրված դաս

Educational 2015-01-27

Երևանի Գր. Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանում անցկացված հերթական դասը նվիրված էր Արեգակնակային համակարգին: Դասասենյակը գեղեցիկ կահավորված էր: Գրատախտակի վերևում ներկայացված էր Արեգակնային համակարգի փոքրացված մոդելը: Աշակերտները պատրաստել էին մոլորակներ, հրթիռներ, աստղեր, բազմաթիվ շարժանկարներ: Դասն սկսվեց Ռուբեն Հախվերդյանի «Գիշերվա աստղազարդ երկնքում» երգի հնչյունների ներքո:

Ուսուցչուհի Ռ. Թադևոսյանը հրավիրեց աշակերտներին կատարելու մի փոքրիկ ճանապարհորդություն դեպի աստղերը: Աշակերտները ներկայացրեցին  աշխարհի մասին մարդկանց ունեցած պատկերացումները: Յուրաքանչյուր հատված մեկնաբանվում էր համապատասխան պաստառի ցուցադրությունով: 

 
Աշակերտները ներկայացրեցինՍևանի ավազանի քարանձավներից մեկում հայտնաբերված Արեգակնային համակարգի մասին հայերի ունեցած պատկերացումները պատկերող նկարը: Նրանք բացատրեցին, որ, ըստ հայերի՝ գոյություն ուներ երկրակենտրոն համակարգ:
 
Երկրագնդի շուրջը պտտվում էին արևը, լուսինը և այն ժամանակ հայտնաբերված 5 մոլորակները: Ապա ներկայացրեցին   հայ գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս Անանիա Շիրակացու կատարած հետազոտութունները տիեզերքի, արեգակի և երկրի շարժման, լուսնի փուլերի մասին:
 
Պատմեցին նաև հնագույն և ժամանակակից աստղադիտարանների՝ Քարահունջի և Բյուրականի աստղադիտարանի մասին: Ներկայացրեցին այդ 2 աստղադիտարանների առանձնահատկությունները, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ակնառու հայտնագործությունները, նրա ներդրած ավանդը Բյուրականի աստղադիտարանի ստեղծման գործում:
 
Ապա բացվեց պաստառ, որի մեջ արևի շողերի տեսքով ներկայացված էին հարցեր ՝ նվիրված այդ թեմային: Աշակերտները և՛ պատասխանում, և՛ լրացնում էին պաստառի համապաստասխան մասերը: Դասի հաջորդ մասը նվիրված էր Արեգակնային համակարգի կառուցվածքին: Այդ գործընթացն իրականացրեց ուսուցչուհին սահիկահանդեսի կիրառմամբ:
  
Աշակերտները լապտերի, գլոբուսի օգնությամբ ցուցադրեցին գիշերվա և ցերեկվա փոփոխությունը: Դերային խաղով ներկայացրեցին բոլոր մոլորակների պտույտն արեգակի շուրջը:
 
Ուսուցչուհին պատրաստել էր անակնկալ նվեր: Նա սկզբում ներկայացրեց մեծ մտածող, երգահան, բանաստեղծ Ներսես Շնորհալու  ստեղծագործական կյանքը: Պատմեց, որ  նա նշանավոր Պահլավունիների տոհմից է: Մանուկների համար բազմաթիվ գործեր է գրել:
 
Առանձնապես արժեքավոր են նրա 300-ի հասնող հանելուկները, որոնք գրվել են միջին հայերենով, հետագայում ներկայացվել են աշխարհաբար: Ուսուցչուհին ընթերցեց առաջին հանելուկը, ապա նվեր-փաթեթը հանձնեց ճիշտ պատասխանողին: Վերջինս կարդաց հաջորդ հանելուկը և փաթեթը փոխանցեց հաջորդ ճիշտ պատասխանը հնչեցրած աշակերտին: 
 
Ամենավերջին հանելուկին ճիշտ պատասխանող աշակերտը փաթեթի պատռումից հետո գտավ իր անակնկալ նվերը՝ « Մանկագիտարան» -ը: Հանելուկները վերաբերում էին երկնային մարմիններին: Աշակերտները ներկայացրեցին իրենց հայտնի գրական, երաժշտական ստեղծագործությունները արևի, աստղերի, մոլորակների, լուսնի մասին: Երգեցին «Տիեզերք» երգը:
 
Դասի վերջում նրանց ևս մեկ անակնկալ էր սպասվում: Ուսուցչուհին նրանց հանձնեց աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կտակը «Հայոց լեզվին տիրապետելու մասին»՝ ուղղված ոչ միայն իր թոռներին ու ծոռներին, այլև հայ ժողովրդի գալիք սերունդներին: 
 
Դասը հագեցած էր նոր մեթոդներով, հնարներով, որոնք խթանեցին աշակերտների ստեղծագործական և տրամաբանական մտքի զարգացմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.