News

Ազգային պատկերասրահը հյուրընկալեց «Վարդանանց ասպետներ»-ին

Educational 2015-01-21

Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի համար 2015 թիվը արդեն իսկ մեկնարկել է առանձնահատուկ կերպով. «Dasaran» կրթական ծրագրի հովանավորությամբ դպրոցի 3-րդի «գ» դասարանի աշակերտներն օրերս հյուրընկալվել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակիցը դառնալով այնտեղ անցկացվող ճանաչողական և ինտերակտիվ այցի:

Աշակերտներին ջերմորեն ընդունած էքսկուրսավարն ուղեկցել է դպրոցականներին Մ. Սարյանի ցուցասրահ: Այցի ընթացքում թիվ 106 դպրոցի սաները ծանոթացել են գեղանկարչության ճյուղերին՝ դիմանկար, նատյուրմորտ, բնանկար և ինքնանկար:

Նրանք ծանոթացել են նաև նոր հասկացությունների, սովորել նոր բառեր, տեղեկացել, որ «նատյուրմորտ»-ը ֆրանսերեն բառ է և նշանակում է «մեռած բնություն»: Շրջայցի ընթացքում կազմակերպվել է նաև ինտերակտիվ խաղ: Աշակերտները բաժանվել են երկու թիմի՝ «Նատյուրմորտ» և «Բնանկար» և «կառուցել» նատյուրմորտներ: 

Այնուհետև գորգերի վրա նստած՝ նկարել իրենց իսկ ստեղծած նատյուրմորտները: 1-ին թիմը նկարել է հայկական թեմայով նատյուրմորտ, իսկ 2-րդը՝ արևելյան (պարսկական): Ազգային պատկերասրահում անցկացված էքսկուրսիան բովանդակալից էր և ուսանելի:
 
Բոլորը մասնակիցները մեծ բավականություն են ստացել և այցի ավարտին իրենց շնորհակալությունը հայտնել «Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակազմերին: Ոգևորված համադպրոցականների այցով՝ թիվ 106 դպրոցի մյուս դասարանները խոստացել են հետևել 3-րդի «գ» դասարանի օրինակին:
 
Այցը Հայաստանի ազգային պատկերասրահ իրականացվել է «Dasaran» կրթական ծրագրի հրավերով: Դեկտեմբերի 22-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցում կրթական ծրագրի աջակցությամբ վերանորոգված դասասենյակի բացման արարողությանը ներկա գտնվող «Dasaran»-յան թիմը դպրոց-մշակույթ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում նույն դպրոցի 3-րդի «գ» դասարանի աշակերտներին հրավիրել էր Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակցելու ճանաչողական շրջայցի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.